Վարչապետի հետ համատեղ աշխատանք չեմ պատկերացնում. Գուրգեն Արսենյան
Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականն զբաղեցնող Գուրգեն Արսենյանն ասում է, որ չի պատկերացնում համատեղ աշխատանք գործող կառավարության և կառավարության ղեկավարի հետ։
Tert.am-ի հետ զրույցի ժամանակ Գուրգեն Արսենյանն ասաց, որ իր արտահայտած կարծիքը զուտ անձնական է:
«Ես քաղաքացի Տիգրան Սարգսյանի դեմ ոչինչ չունեմ, ես խոսում եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանի մասին, ով այս տարիների ընթացքում երկիրը հասցրել է աղետալի վիճակի»,– ասաց ՄԱԿ նախագահը:
«Իմ գնահատականներով պետք է տեղի ունենա սկզբունքային փոփոխություն, և առաջին հերթին վարչապետը պետք է հեռանա, որովհետև երկրի տնտեսությունը քայքայող քաղաքականությունը տարվել է այս վարչապետի օրոք»,- ավելացրեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի հանրապետական կուսակցությունը հավաքեց ընտրողների 44 տոկոս վստահության քվեն, իսկ ԲՀԿ-ն, ձայների ավելի քան 30 տոկոս:
Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Ազգային ժողովում հնարավոր կոալիցիայի ձևավորումը, Գուրգեն Արսենյանը նախ ասաց, որ կոալիցիան իշխանությունը իրացնելու ձև է, ինչը սակայն ինքնանպատակ չպետք է լինի:
«Կոալիցիան իշխանությունը իրականացնելու ձև է, որը չպետք է լինի աննպատակ, այն առաջին հերթին պետք է համախմբի մեծամասնություն կազմած ուժերին, որպեսզի միասին դիմագրավեն երկրի առաջ ծառացած մարտահրավերներին»,- ասաց Արսենյանը, և ավելացրեց, որ երկրի առջև ծանրացած հիմնական մարտահրավերներն են՝ արտագաղթը, աղքատությունը, և համատարած կոռուպցիան:
Tert.am-ը փորձեց հետաքրքրվել, թե Գուրգեն Արսենյանը ինչո՞վ է զբաղվելու 5-րդ գումարման խորհրդարանում, ունենալով պատգամավորական փորձ։ «Ամենակարևորն այն է, որ ինձ համար անկարևոր օրենքներ չկան: Կլինի տնտեսական, մշակութային, թե այլ ոլորտի, ես ունեմ օրենսդրական աշխատանքի փորձ, որը և կիրառելու եմ նոր խորհրդարանում»,-եզրափակեց Գուրգեն Արսենյանը:
Հետընտրական շրջանում քաղաքական դաշտի համար մեկ ինտրիգը ՀՀԿ-ԲՀԿ նոր կոալիցիա կազմել-չկազմելու հարցն է: Հիշեցնենք, որ մինչ մայիսի 6-ի ընտրություններն այս ուժերը, ինչպես նաև «Օրինաց երկիր» կուսակցությունը կազմել են կոալիցիոն կառավարություն, որը գործում է մինչ օրս:









