ՀՀԿ–ի կենտրոնական գրասենյակի տանիքի հրդեհն արդեն մարվել է. պատճառների մասին վարկածներ չկան (տեսանյութեր, լուսանկարներ)
23.07
ՀՀԿ շենքի հրդեհի պատճառները պարզելու համար ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է սկսել, որում ներգրավված են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան աշխատակիցները: Այս մասին Tert.am-ին հայտնեց հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը:
Նա նշեց, որ դեռևս նախնական վարկած չկա և որևէ բան պարզելու դեպքում հավելյալ կտեղեկացվի: Նա միաժամանկ նշեց, որ հրդեհի պատճառները պարզելու համար անհրաժեշտ կլինի նվազագույնը 1 շաբաթ:
̃̃̃̃̃̃̃̃̃̃̃̃̃̃̃̃̃̃̃̃̃̃̃
19.50
Ըստ ամենայնի հրդեհը չի խանգարի մայիսի 24-ին կայանալիք ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Վերջինս տեղեկացրեց, որ Գործադիր մարմնի նիստը անցկացվում է շենքի նկուղային հարկում, իսկ հրդեհը եղել է տանիքում։ Այնուամենայնիվ, ըստ Շարմազանովի, առավոտյան ժամանելու են համապատասխան մասնագետներ՝ փորձելու պարզել հրդեհի պատճառները։ Մինչ այդ ՀՀԿ ԳՄ շենքը ամբողջությամբ հոսանքազրկվել է։
19.10
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը լրագրողներին ասաց, որ հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ նախնական վարկածներ չկան, զոհեր և վիրավորներ ևս չկան։
18.48
ՀՀԿ կենտրոնական գրասենյակի տանիքում բռնկված հրդեհը արդեն մարվել է։ Այս մասին հայտնում է դեպքի վայրում գտնվող Tert.am-ի թղթակիցը։ Քիչ առաջ մի քանի ՀՀԿ–ականների հետ գրասենյակի շենք է մտել և որոշ ժամանակ անց դուրս եկել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը։ Դեպքի վայրում են նաև ՀՀԿ փոխնախագահներ Գալուստ Սահակյանն ու Ռազմիկ Զոհրաբյանը, ինչպես նաև ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։



18.20
Քիչ առաջ Գագիկ Շամշյանը հայտնեց, որ դեպքի վայր ժամանած հրշեջ ծառայության մարտական հաշվարկների թիվը հասել է 10-ի։ Դեպքի վայր ժամանեց նաև ԱԻՆ Փրկարարական ծառայության տնօրենի տեղեկալ, գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը։ Ժամանել են նաև 1-03 ծառայության և Ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ քննչական խումբը։
Նշված տարածքում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցրել են, որեպսզի հրշեջները կարողանան աշխատել։ Հրշեջները դեպքի վայր ժամանել են ահազանգից 2 րոպե հետո և այս պահին փորձում են մարել տանիքում առաջացած խոշոր հրդեհը որպեսզի այն չտարածվի։
1-03 ծառայությունից դեպքի վայրում հայտնել են, որ նախնական տվյալներով տուժածներ չկան
Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարարական ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիք–Ադամյան փողոցի վրա գտնվող «Հայաստանի հանրապետական կուսակցության» կենտրոնական գրասենյակի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել։
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն դեպքի վայր են ժամանել 4 մարտական հաշվարկ, մեծ թվով հրշեջներ։ Այստեղ է նաև Փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, Երևանի հրշեջ փրկարար վարչության պետ Մուշեղ Ղազարյանը և մեծ թվով պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։
Ավելի մանրամասն կհայտնենք քիչ ուշ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









