Ադրբեջանից հետ է կանչվել Իրանի դեսպանը. այնտեղ վիրավորել են Խամենեիին

08:59 • 22.05.12

Իրանի իշխանությունները երեկ հետ են կանչել Ադրբեջանում երկրի դեսպան Մուհամեդ Բագիր Բահրամիին: Այս մասին հայտնում են ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:

 

Հետկանչի պատճառ նշվում է Բաքվում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին վիրավորելու փաստը, սակայն ենթադրվում է, որ դեսպանը հայրենիք է վերադարձել «խորհրդակցությունների համար»:

 

Տեղեկության պաշտոնական հաստատում դեռ չկա:

 

Անցյալ շաբաթ Բաքվում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց բողոքի մի քանի ակցիա իրականացվեց, որոնք ուղղված էին «Իրանի հակաադրբեջանական քաղաքականության դեմ»: Ցուցարարները պահանջում էին նաև «դադարեցնել Իրանի ադրբեջանցիների իրավունքների ոտնահարումները»: Այդ ակցիաների ընթացքում իրանի բարձրագույն հոգևոր և աշխարհիկ իշխանությունների հասցեին բազմաթիվ վիրավորական հայտարարություններ են հնչել: