Մինչև դեկտեմբեր կսկսվեն Ղարաբաղի հարցով ըստ էության աշխատանքները. ռուս քաղաքագետ

14:16 • 22.05.12

Ռուսաստանը շուտով կակտիվացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իր միջնորդական առաքելությունը: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի հետազոտական վարչության առաջատար փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Մաքսիմ Մինաևը:

 

Ըստ նրա` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր գործողություններով ապացուցում է, որ հետխորհրդային վեկտորը երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

 

«Վերջերս մենք ականատեսը եղանք ՀԱՊԿ-ի նիստի, իսկ այնուհետ` ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի: Կարծում եմ` Մոսկվայի կողմից կարելի է միայն ակտիվացում սպասել, որը շահավետ կլինի հակամարտող բոլոր կողմերին»,- ասել է քաղաքագետը:

 

Այն հարցին, թե որքան շուտ է դա սպասվում, փորձագետը պատասխանել է` մինչև տարեվերջ:

 

«Մինչև դեկտեմբեր կսկսվեն Ղարաբաղի հարցով ըստ էության աշխատանքները: Այս հարցը կներառվի Մոսկվայի` Բաքվի ու Երևանի հետ երկխոսության շրջանակներում: Ըստ այն բանի, թե ինչպես կզարգանան երկկողմ բանակցությունները յուրաքանչյուր պետության հետ, պարզ կլինի նաև բանակցային գործընթացի զարգացումը: Մանավանդ, որ անհրաժեշտ բանակցային փաթեթն արդեն առկա է»,- ասել է Մինաևը:

 

Քաղաքագետը նշել է նաև, որ Դմիտրի Մեդվեդևի նախագահության տարիներին այս ուղղությամբ կատարված աշխատանքը հաշվի կառնվի նաև ՌԴ նոր ղեկավարության կողմից: