Հայ և թուրք ծնողների զավակ Կլարան պատմել է քրիստոնյայի և մուսուլմանի իր առօրյայի մասին
Թուրքական «Աքշամը» զրուցել է հայ և թուրք ծնողների զավակ Կլարա Եթերօղլուի հետ, ում` ազգությունների վերաբերյալ շարադրությունը հաղթել էր դպրոցական մրցույթում:
8-րդ դասարանի աշակերտուհու շարադրությանն անդրադարձել են ինչպես թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցները, այնպես էլ ԱՄՆ-ում հրատարակվող հայկական, ինչպես նաև հայաստանյան լրատվամիջոցները:
«Այո, անունս Կլարա է, ազգանունս Եթերօղլու, դա ամեն ինչ ասում է: Ես էլ սովորակամ մարդ եմ: Չեմ ուզում, որ ինձ այլ հայացքով նայեն»,- ասել է Կլարան` արձագանքելով իր շուրջ բարձրացած աղմուկին:
Նա նշել է, որ մրցույթի թեման հոգեհարազատ է եղել իրեն և ցանկացել է պարզապես իր զգացողությունները թղթին հանձնել:
«Որքան ինձ հիշում եմ, մի կեսս թուրք և մուսուլման է, մյուս կողմս` հայ և քրիստոնյա»,- գրել էր Կլարան:
Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ զգացում է քրիստոնյայի և մուսուլմանի զավակ լինելը և ի՞նչ դժվարություններ է առաջացնում, Կլարան պատասխանել է. «Դա նույնիսկ հետաքրքիր է: Երբ փոքր էի` մեր տանը տոները կրկնակի ավելի շատ էին լինում: Ես բախտավոր եմ, որ ընտանիքում ինձ կրոնական լիարժեք ազատություն են տվել: Եկեղեցի էլ եմ հաճախում: Երկու կրոնն էլ ապրում եմ, սովորում»,- ասել է նա:
Թուրք մայրը` Դիլեք Եթերօղլուն, տնային տնտեսուհի է, հայրը` Մուրադ Եթերօղլուն` ոսկերիչ: Հանդիպել են մեքենա վարելու դասընթացի ընթացքում:
Նրանք պատմել են, որ երկուսի ընտանիքներում էլ իրենց ամուսնությանն ընդդիմացողներ եղել են: Կնոջ ծնողները դեմ չեն եղել, սակայն հորեղբայրները, երբ տեղեկացել են, որ Դիլեքը հայ տղայի հետ է ամուսնացել, մոտ 4 տարի չեն խոսել իր հետ:
Իսկ Մուրադի ընտանիքն ու հայ համայնքը կտրականապես դեմ են եղել:
«Հայ համայնքը փոքր է, և հնարավորինս փորձում են համայնքի ներսից կին ընտրել, որ չձուլվեն: Գովեստով զբաղվել չեմ ուզում, բայց ի վերջո հայ համայնքն ընդունեց և սիրեց ինձ: Սկեսուրս էլ արդեն ընդունում է»,- ասել է նա:
Կլարայի ծնողները պատմել են, որ երբ նոր են ամուսնացել և գնացել Դիլեքի գյուղը, նրա հորեղբոր կինը նայել է հայազգի Մուրադին ու զարմացել. «Վայ, մեզ նման է, ձեռքեր ու ոտքեր ունի»,- ասել է նա:









