Փաստաբանը պնդում է, որ իր հորը սխալ բուժման հետևանքով հասցրել են մահվան
Փաստաբան Ռուբեն Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ իր հայրը` 82-ամյա Լև Այվազյանը, սխալ բուժման հետևանքով մահացել է:
Այս դեպքի առիթով փաստաբանն արդեն նամակ է ուղարկել տասը պետական մարմինների և անձանց, մասնավորապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Փաստաբանը նշեց, որ իր հորը՝ Երևանի քաղաքապետի հրամանով,
շնչառական խնդիրների պրոֆիլակտիկ բուժում անցնելու համար, անվճար բուժման հնարավորություն էր տրվել թիվ 3 կլինիկական հիվանդանոցի սրտաբանական բաժնում:
Այվազյանը պատմեց, որ մինչ բուժում ստանալը, հայրը տեղաշարժվում էր, իսկ բուժում ստանալուց 10 ժամ անց, այլևս չի կարողացել շարժվել: Հիվանդանոցում բուժումը կատարել է բժիշկ Տիգրան Այանյանը, ով, փաստաբանի փոխանցմամբ, չունի ուրոլոգի կամ նեֆրոլոգի համապատասխան որակավորում:
«Հորս նշանակվեց մեծ քանակությամբ ջրազրկող` ֆուրասեմիդ միզամուղ, ինչը չորսժամյա պարբերականությամբ ներերակային էր ներարկվում, իսկ այդ չափաբաժինը բավարար է՝ ցանկացած առողջ մարդուն սպանելու համար»,-տեղեկացրեց Ռուբեն Այվազյանը:
Սխալ բուժման հետևանքով, նրա խոսքով, արդեն 24 ժամ անց, հայրը հայտնվել է կլինիկական մահվան շեմին: Ջրազրկման հետևանքով 3 լիտր հեղուկ է հանվել օրգանիզմից և մեզի մեջ հայտնվել են արյան հետքեր: Ռուբեն Այվազյանը նշեց, որ ինքը համոզել է հերթապահ բժշկին, որպեսզի այլևս ֆուրասեմիդ չներարկվի, այլ գեմոդեզ, ինչը, ըստ նրա, սովորաբար նշանակում են ջրազրկման դեպքում:
Սակայն պարզվել է, որ հիվանդանոցում այդ դեղը չկա և ինքն անձամբ է ձեռք բերել այն, որից հետո, կաթիլային ճանապարհով դեղը ներարկվել է հիվանդին: Դեղն ընդունելուց հետո, Այվազյանի խոսքով, հայրը վերակենդանացել է:
«Հիվանդանոցի տնօրեն Միքայելը և բժիշկ Տիգրանը տեսնելով, որ հայրս վերակենդանացավ, հարձակվեցին մեզ վրա, լկտի, վիրավորական արտահայտություններով վիրավորեցին մեզ և պարտադրեցին բուժքրոջը, որ կենսական անհրաժեշտ գեմոդեզն անջատի և նորից ներարկի ֆուրասեմիդը, այն դեպքում, երբ դեղի ներարկման 4 ժամը դեռ չէր լրացել»,- պատմեց նա:
Թեև Ռուբեն Այվազյանը փորձել է խանգարել բժիշկներին, սակայն վերջիններս նրան թույլ չեն տվել միջամտել: Այնուհետ, փորձել է հորը տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն, իր խոսքով, հիվանդանոցի տնօրենը բժիշկներին իր մոտ է հրավիրել և գաղտնի զրուցել, որից հետո նրանք պատճառաբանել են, թե հիվանդանոցում ազատ տեղ չունեն:
Այնինչ, Ռուբեն Այվազյանի խոսքով, ինքն ու եղբայրը պարզել են, որ «Էրեբունի» հիվանդանոցում ազատ տեղեր կան, սակայն, չեն ընդունել՝ իմանալով, որ խոսքը թիվ 3 կլինիկական հիվանդանոցից տեղափոխված հիվանդի մասին:
Փաստաբանն ասում է, թե «Էրեբունի» հիվանդանոցի տնօրենը, իրեն և իր եղբորը հեռացրել է հիվանդանոցից և 9 ժամ թույլ չի տվել ներս մտնել: Այդ ընթացքում, հիվանդին չի ներարկվել ջրազրկումը կանխող որևէ դեղամիջոց, ինչի հետևանքով նա մահացել է:
Թիվ 3 կլինիկական հիվանդանոցի բժիշկ Տիգրան Այանյանը, Ռուբեն Այվազյանի խոսքով, միջամտել է նաև դիահերձողների աշխատանքին` ստիպելով նրանց ախտորոշման մեջ նշել, որ հիվանդի որովայնում եղել է 15-20 լիտր հեղուկ:
«Դռան հետևից լսում էի, որ բժիշկն ասում էր՝ «դո՛ւրս արի», բայց երբ դիահերձողը հրաժարվեց անօրինական պարտադրանքները կատարելուց, բժիշկ Տիգրանը նրան ասաց՝ քեզ լկտի ձևով ես պահում: Բայց Տիգրանը չկարողացավ հարկադրել դիահերձողներին, որ սխալ ախտորոշում գրեն»,-նշեց Ռուբեն Այվազյանը:
Մամուլի ասուլիսին ներկա էր նաև բժիշկ Տիգրան Այանյանը, ով համաձայն չէր իր հասցեին հնչած մեղադրանքների հետ: Նա նախ նշեց, որ երկար տարիների մասնագետ է և 1984թ–ից աշխատել է տարբեր հիվանդանոցներում: Ռուբեն Այվազյանը նախ հակադարձեց, թե հիվանդը սկզբից ևեթ չի կարողացել քայլել և իրեն սայլակով են տեղափոխել հիվանդանոց:
«Ընդունվելուց՝ վիճակը շատ ծանր էր, կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են դա»,- նշեց բժիշկը: Նրա խոսքով, հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդը սրտի հետ խնդիրներ ունի:
«Ֆուրասեմիդը, որը նշանակվել է՝ սրտային անբավարարության առաջին դեղորայքներից է: Հեղուկ կար որովայնում՝ ըստ էխոյի, ոտքերը այտուցված էին՝ մինչև գոտկատեղը»:
Ինչ վերաբերում է 15-20 լիտր հեղուկին, ապա բժիշկը նշեց, որ դա պարզվել է, ոչ թե հետազոտությամբ, այլ զուտ շոշափելու միջոցով:
«Առաջին օրը լավացել է հիվանդի վիճակը, կարողացավ անգամ նստած քնել, իսկ երկրորդ օրը տղայի կողմից արգելվեց միզամուղների օգտագործումը»,-ասաց բժիշկը:
Նրա կարծիքով, նման պարագայում գեմոդեզ դեղամիջոցը բոլորովին պետք չէր նշանակել հիվանդին: Հարցին, այդ դեպքում ինչպե՞ս է հերթապահ բժիշկը թույլ տվել, որ հիվանդը ընդունի դեղամիջոցը, բժիշկ Տիգրան Այանյանը պատասխանեց. «Հերթապահ բժիշկը զանգեց ինձ՝ ասաց, որ հիվանդի հարազատը պահանջում է՝ գեմոդեզ նշանակվի, մեզ շանտաժի են ենթարկել, դրա համար միացրել ենք, բայց կաթիլները չեն գնացել»,-ասաց բժիշկը, ինչին ի պատասխան Ռուբեն Այվազյանը հակադարձեց, որ բժիշկը ստում է, և որ ինքն անձամբ է տեսել, թե ինչպես են կաթիլները հոսում:
Բժշկի խոսքով, հիվանդի մոտ կլինիկական մահ չի արձանագրվել՝ նա ուղղակի քնում էր, հետո՝ արթնանում: Սակայն փաստաբան Ռուբեն Այվազյանը համոզված է, որ իր հորը մահվան հասցնելու պատճառը, հավանաբար, աղանդներն են, որոնք, նրա խոսքով, հաճույք են ստանում մարդկանց սպանելուց:
Ռուբեն Այվազյանը նշեց, որ թեև մինչ այդ հայրը ունեցել է առողջական խնդիրներ, սակայն ինքը կարողացել է սեփական գիտելիքներով նրան ապաքինել:
Այվազյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի կողմից արդեն ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, ինչը պետք է քննի այս գործը, իսկ քրեական գործ դեռ չի հարուցվել, չնայած այդ մասին հաղորդում է տրվել Ոստիկանությանը:









