ԱՄՆ-ում ուսուցչուհուն աշխատանքից հեռացրել են Օբամային քննադատելն արգելելու համար (տեսանյութ)
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Սալիսբերի քաղաքից դպրոցի ուսուցչուհի Տանյա Դիքսոն-Նիլիին (Tanya Dixon-Neely) աշխատանքից հեռացրել են դիտողության համար, որը նա արել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային քննադատելու համար, հաղորդում է The Salisbury Post պարբերականը: Միջադեպի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ դասասենյակում տեղի ունեցածի տեսանյութը հայտնվել է YouTube-ում մայիսի կեսերին:
Տեսանյութում ուսուցչուհու դեմքը չի երևում, սակայն հստակ լսվում է խոսակցությունը: Աշակերտները քննարկում են լուրը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին դպրոցում ուսանելու տարիներին ռասսայական հողի վրա ճնշումներ է գործադրել համադասարանցիների նկատմամբ: Աշակերտներից մեկը Դիքսոն-Նիլիին հարցրել է, թե արդյոք Բարաք Օբաման այդ տարիքում խուլիգանություն չի արել՝ հիշեցնելով նախագահի գրած «Հորս երազանքները» գրքից մի դրվագ, որտեղ հեղինակը գրել է, թե ինչպես է մի անգամ հրել համադասարանցի աղջկան:
Ուսուցչուհին պատասխանել է, որ չգիտի Օբամայի կողմից որևէ մեկին ծաղրելու մասին և բացատրել է, թե ճիշտ չէ տարբեր կարգավիճակ ունեցող մարդկանց վարվեցողությունը քննարկել, նշելով, որ Օբաման նախագահ է, իսկ Ռոմնին միայն թեկնածու:
Այդ ժամանակ աշակերտը հայտարարել է, որ երկու թեկնածուներն էլ ընդամենը մարդ են, սակայն ուսուցչուհին չի համաձայնել և նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին քննադատելու համար մարդկանց ձերբակալում էին:
Ներկայում ուսուցչուհին աշխատանքից հեռացված է, իսկ դասասենյակում կատարվածը հետաքննվում է: Քննության ավարտին պարզ կլինի, թե Տանյա Դիքսոն-Նիլին կկարողանա՞ վերադառնալ իր աշխատանքին, թե՞ ոչ:









