Բորդյուժայի հայտարարությունն ազդանշան էր Ադրբեջանին. քաղաքագետ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի երեկվա հայտարարությունը, թե ՀԱՊԿ–ը կաջակցի Հայաստանին Ադրբեջանի հնարավոր ոտնձգությունների դեպքում, առաջին հերթին ազդանշան է Ադրբեջանին, որ Հայաստանը գտնվում է ՀԱՊԿ անդամ երկրների ուշադրության կենտրոնում, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Ըստ նրա՝ այդ մասին են վկայում նաև Հայաստանում աշնանը զորավարժություններ անցկացնելու ՀԱՊԿ մտադրությունը, թեև մինչ այս ՀԱՊԿ-ի պասիվ դիրքորոշումը քաղաքագետն այդքան էլ դրական չի գնահատում։
«Իհարկե, մինչ օրս դրական չեմ գնահատում, և կարծում եմ, որ ավելի վճռական դիրքորոշում պետք է արտահայտեր նախքան իրավիճակի այսքան սրումը, բայց, այնուամենայնիվ, ինչ արվեց երեկ և ինչ սպասվում է՝ զորավարժությունները նկատի ունեմ, բաց և ակնհայտ ազդանշան է Ադրբեջանին, որը այս պարագայում պետք է դրական գնահատել»,– ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ երեկ Երևան–Աստանա–Կիև–Քիշնև տեսակամրջի ժամանակ Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի լիարժեք և լիիրավ անդամ, անհրաժեշտության դեպքում կառույցից կստանա համապատասխան օգնություն:
«Մի բան կարող եմ ասել. Հայաստանը, ՀԱՊԿ լիարժեք, լիիրավ անդամ է և եթե Հայաստանի նկատմամբ ձեռնարկվեն ոչ բարեկամական քայլեր, ՀԱՊԿ բոլոր անդամ–պետությունները համապատասխան օգնություն ցույց կտան»,- ասէլ էր Նիկոլայ Բորդյուժան։









