Օբաման և Գյուլը խոսել են հայ-թուրքական հարաբերություններից

10:43 • 22.05.12

Չիկագոյում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում առանձնազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սաբահ»-ը, մոտ կես ժամ տևած հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը:

 

Հանդիպումից հետո Գյուլը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի և Կիպրոսի հետ, սակայն առավել մանրամասներ չի հաղորդել:

 

«Այդ հարցում մեր տեսակետը գիտեք, բազմաթիվ անգամներ ենք խոսել այդ մասին, այդ երկու հարցերը մեզ համար շատ կարևոր են: Առաջիկայում պետք է այս խնդիրների շուրջ առաջընթաց գրանցենք: ԱՄՆ նախագահն ասաց, որ իրենք կարևորում են այդ երկու խնդիրների լուծումը»,- հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է Գյուլը:
 

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Սիրիայում ստեղծված ճգնաժամը: Կողմերն իրենց մտահոգությունն են հայտնել հարցի կապակցությամբ:

 

«Ցանկանում են ավելի լուրջ դերակատարում ունենալ այդ հարցում: Սիրիայի հարցը երկու երկրների հարց չէ, և այն հետաքրքրում է ողջ միջազգային հանրությանը»,- ասել է Գյուլը:
 

Նա նաև պահանջել է հեշտացնել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային անօդաչու ինքնաթիռներ վաճառելու գործընթացը:Նա հիշեցրել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիան ԱՄՆ-ի գործընկերն է, սակայն անօդաչու ինքնաթիռներ գնելու գործընթացի ընթացքում հաճախ խոչընդոտների է հանդիպում: