Ռուս թավջութակահարին վտարել են Պեկինի նվագախմբից` գնացքի ուղեկցորդուհուն հայհոյելու համար (տեսանյութ)

17:32 • 22.05.12

Ռուս թավջութակահար Օլեգ Վեդերնիկովին հեռացրել են Պեկինի սիմֆոնիկ նվագախմբից Շենյան- Պեկին ուղղությամբ գնացքում մի չինուհու վիրավորելու և հայհոյելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Մայիսի 14-ին տեղի ունեցած միջադեպը տեսագրվել է բջջային հեռախոսով ու տեղադրվել YouTube-ում, որը Չինաստանում բուռն քննարկման առարկա է դարձել:

 

Տեսանյութում Վեդերնիկովը հրաժարվում է ոտքերը հանել դիմացի նստատեղից, որտեղ փորձել է մի կին նստել: Երբ կինը սկսել է ամսագրով հարվածել նրա ոտքերին, նա սկսել է վիրավորական արտահայտություններ ուղղել նրա հասցեին:


Ի վերջո, երաժիշտը ներողություն է խնդրել, սակայն նվագախումբը դա քիչ է համարել և ազատել է նրան աշխատանքից:

 

Նրա քայլը խիստ քննադատության է արժանացրել նաև չինացի հաղորդավար Յան Ժույը, ով եթերում իշխանություններին կոչ է արել «ավլել արտասահմանյան աղբը» երկրից: Սակայն այս խոսքերը մի շարք քաղաքական գործիչներ ու սոցցանցերի օգտատերեր քննադատել են հաղորդավարին ու մեղադրել նրան «ռասսայական ատելություն հրահրելու մեջ»: