Ամերիկացին կնոջ հագուստ է կրել` մոր փոխարեն թոշակ ստանալու համար
Մահացած մոր անունից 6 տարի շարունակ 117 հազ դոլար կենսաթոշակ ստացած ամերիկացին Նյու Յորքի դատարանի վճռով դատապարտվել է նվազագույնը 13.5 տարվա ազատազրկման, հայտնում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը:
Բրուքլինի 49-ամյա բնակիչ Թոմաս Փարկինի մայրը` 73-ամյա Իռեն Փրուսիկը, մահացել է 2003թ.-ին, սակայն որդին որոշել է թաքցնել մոր մահը պետությունից` կեղծելով մահվան մասին վկայականը: Այնուհետ վեց տարի շարունակ Փարկինը ներկայացել է մոր փոխարեն և այս ժամանակահատվածում ստացել 52 հազ դոլար` որպես թոշակ, և 65 հազ էլ` որպես բնակվարձի սուբսիդիա:
Քննիչների վարկածով` իր մեքենայությունները կյանքի կոչելու համար նա օգտագործել է կեղծամ, սև ակնոցներ, դիմահարդարման միջոցներ և մոր հին զգեստները: Բացի այդ, նրան օգնել է իր ընկերը, ով նույնպես կանացի զգեստներ կրելով` «խաղացել» է զարմուհու դերը:
Դատավորը կատարվածն անվանել է աննախադեպ` իր չափերով ու ցինիզմով:









