Չիրականացավ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մեկ տարի առաջ արած հայտարարությունը
Մեկ տարի առաջ «Ժառանգության» կուսակցության հրավիրած քաղաքացիական համաժողովին հնչեցված հիմնարար փոփոխությունների պահանջն իբրև ցանկություն չէր մնա, եթե կուսակցությունը 4-րդ գումարման Ազգային ժողովում կազմեր մեծամասնություն կամ գոնե նոր ձևավորված խորհրդարանում կուսակցությանը նման հնարավորություն ընձեռվեր:
Սա՝ Tert.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության գործող պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ներկայացրած մեկնաբանությունն է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մեկ տարի առաջ արած հետևյալ հայտարարության առնչությամբ. «Պետք է ունենանք չորրորդ հանրապետություն, դրոշի չորրորդ գույն և նոր սահմանադրություն, որի միջոցով արդեն հնարավոր կլիներ փոխել ներկա կիսահամակարգը և իշխանությունը վերադարձնել ժողովրդին»:
Արմեն Մարտիրոսյանը նկատեց.«Բնական է, որ չի իրականացվել, քանի որ այդ ամենը կյանքի կոչել հնարավոր էր, եթե այն ժամանակ խորհրդարանում մեծամասնություն կազմեինք, կամ գոնե համագործակցեինք այն քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակադրույթները նույնպես համապատասխանեին»:
Արմեն Մարտիրոայանը հստակեցրեց, որ փոփոխությունները չեն վերաբերում դրոշի չորրորդ գույնին, քանի որ հասկանալի էր, որ դա փոխաբերական իմաստով էր ասվել, իսկ մնացածի դեպքում արդեն ռեալ փոփոխությունը, ըստ նրա, կրկին հետաձգվում է:
«Այս ընտրությունները կրկին անգամ մի փոքր հետաձգում են մեր առաջարկած փոփոխությունները: Այս պահին չեմ տեսնում, որ այդ կուսակցությունների մեջ կան ուժեր, որոնք Սահմանադրական նոր ծրագրեր են առաջարկում, լայնածավալ փոփոխությունների, քաղաքական հավասարակշռումների ու զսպումների մեխանիզմներ են մշակում»,-ասաց «Ժառանգության» անդամը:
Մարտիրոսյանը նաև նշեց, որ չնայած հաղթող կուսակցություններն իրենց առաջ նման լուրջ փոփոխություններ չեն դրել, սակայն չբացառեց նման հնարավոր համագործակցությունը. «Դե ժամանակը ցույց կտա, եթե նմանատիպ նպատակներ հետապնդեն…»:
Չնայած Արմեն Մարտիրոսյանը որպես պատգամավոր 5-րդ գումարման ԱԺ-ում չի լինի, սակայն կուսակցության առջև դրված հիմնախնդիրների լուծման դերակատարումից զերծ չի մնա։ «Ես քաղաքական դաշտից դուրս չեմ գալիս և քաղաքական պարտականություններից չեմ հեռանում: Իսկ թե ո՞րը կլինի իմ կուսակցական դերակատարումը, պարզ կլինի կուսակցության նոր համագումարից հետո»,- եզրափակեց նա:









