Մահացու ելքով վրաերթ կատարած վարորդը ինքնակամ ներկայացավ ոստիկանություն (լուսանկարներ)

00:01 • 22.05.12

Այսօր՝ մայիսի 21-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցների օպերատիվ-քննչական և բացատրական աշխատանքների արդյունքում ՃՏՀ քննության բաժին է ինքնակամ ներկայացել Երևանի բնակիչ, 48-ամյա Մարտին Բաբայանը:


Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նույն բաժնի քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ ստորագրությամբ ազատ է արձակվել:
 

Ինչպես երեկ՝ մայիսի 20-ին, հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.30-ի սահմաններում Երևանի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում՝ «Էրեբունի» օդանավակայանի ճանապարհին, «Մազդա CX 7» մակնիշի 30 ՏԼ 451 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտնին, ով փողոցն անցնելիս էր եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, և թողնելով նրան անօգնական, ինչպես նաև թողնելով ավտոմեքենան վրաերթի վայրում, դիմել էր փախուստի։


Դեպքի վայրում եղել էր նաև հետիոտնի անցումը թույլատրող համապատասխան ցուցանակը։


Դեպքի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։
 

Տեղում էին նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Կարեն Ստեփանյանի և քննիչ Արթուր Գարսոյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզել էր, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Զաբել Անտաբյանն էր։
 

Վրաերթից հետո «Մազդան» դուրս էր եկել երթևեկելի գոտուց և մտել գազի խողովակի տակ։ Ճանապարհային ոստիկանության կանչով դեպքի վայր էին ժամանել գազի համապատասխան ծառայության աշխատակիցները, որպեսզի զննեն, թե արդյոք վրաերթի հետևանքով գազի արտահոսք կա, թե ոչ։ Բարեբախտաբար, պարզվել էր, որ այդպիսի վտանգ չկա։


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի