Հայկական մամուլը լռեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ Սլովակիայի օրինագծի մասին. Աշոտ Գրիգորյան
Սլովակիայում Հայոց ցեղասպանության մերժման քրեական օրենք է ընդունվել, սակայն հայկական մամուլը լռում է այդ մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ այսուհետ Սլովակիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին հինգ տարի ազատազրկում է սպասվում:
«Սլովակիայում Ադրբեջանի դեսպանը ադրբեջանական ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ նման օրենք չի ընդունվել և երբևէ չի էլ ընդունվի: Մենք նամակով դիմեցինք նրան` պարզաբանում ստանալու համար, սակայն մնաց անպատասխան: Հետո ստացա նամակ, թե ՀՀ արտգործնախարարը դեմ է, որ մենք բարձրաձայնենք Սլովակիայում ընդունված օրենքի մասին»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Վերջինս հիշեցրեց, որ Ֆրանսիայի Սենատը, երբ քննարկում էր Հայոց ցեղասպանությունը ժխտումը քրեականացնող օրինագիծը, հղում անելով հիշեցնում էր, որ նման օրենք արդեն իսկ կա Սլովակիայում:
«Եթե հիշում եք, Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի քննարկման սկզբում, Սենատի նախագահը հիշեցրեց, որ նման օրենք արդեն Սլովակիան ընդունել է: Ես հիմա կոկորդով պետք է բղավեմ, եթե ձեռք–ձեռքի տված չեք պայքարելու, խնդրում ենք, եթե չեք օգնում, մի՛ խանգարեք, իսկ եթե խանգարում եք՝ ամո՛թ ձեզ, ինչպե՞ս կարող եք խանգարել»,– ասաց Աշոտ Գրիգորյանը:
«Մենք շուտով կներկայացնենք այն ծրագիրը, որը պետք է իրականացնենք, որպեսզի մինչև 2015թ. ընդունեն Հայոց ցեղասպանության փաստը: Մենք առաջարկելու ենք օգտվել Սլովակիայի փորձից և նման օրենք սահմանել: Եթե օրենք ընդունեն, ապա թուրքերն այլևս իրենց տարածքում դեմ չեն խոսի Ցեղասպանությանը»,- եզրափակեց Աշոտ Գրիգորյանը:









