ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցի քննումն ընդդեմ Արմեն Աշոտյանի` հունիսի 14-ին

13:03 • 22.05.12

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի՝ արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն իր իրավունքները վերականգնելու համար երեք հայցադիմում է ներկայացրել դատարան. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Սուրեն Զոլյանը:


Վերջինս պնդում է, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ իրեն ռեկտորի պաշտոնից ազատելու որոշումը, եղել է կամային, ինչը հունիսի 14-ին կվիճարկվի դատարանում:


Ըստ նախկին ռեկտորի, չնայած նախարարը հայտարարել էր, որ հարցը պետք է լուծվի միմիայն իրավական դաշտում, սակայն, նկատում է՝ «Աշոտյանը սարսափում է մտնել դատարան: Ինչպես ասում են գող սիրտը դող: Դատարանից խնդրում է, որ հայցադիմումը չքննարկի ... իսկ առաջին ատյանի դատարանն ասում է, որ ես չեմ քննում: Նշանակում է, որ ինքը սուտ է ասում, թե հարցը միայն իրավական դաշտում պետք է լուծվի, իսկ դա նշանում է, որ նա ստախոս է»,-ասաց Զոլյանը:


Սուրեն Զոլյանն անդրադարձավ հայցադիմումներից յուրաքանչյուրին առանձին-առանձին, նշելով, որ առաջինը վերաբերում է իրեն Աշոտյանի խիստ նկատողությանը՝ Եվրախորհրդի միջազգային պարտականությունները կատարելու համար, ինչին, ըստ նրա, կառավարություններն իրավունք չունեն խառնվել, և վարչական դատարանը, թեև հայցը չի մերժել, բայց նշել է, որ դա իր գործը չէ:


Երկրորդ հայցադիմումը վերաբերում է նախարարության կողմից ստուգումների և խախտումների հայտնաբերմանը, մասնավորապես, որ նախկին ռեկտորի կողմից իբր տրվել են գոյություն չունեցող մասնագիտություններով դիպլոմներ:
Զոլյանի տեղեկացմամբ, այս հայցադիմումը նույնպես մերժվել է, պատճառաբանվելով, որ հայցադիմումը ստորագրել է լիազորություններ չունեցող անձը:


«Երեկ նամակ եմ գրել գործընկերներիս, ասելով, որ սա ոչ թե իմ, այլ համալսարանի պատվի հարցն է, բովանդակային հարց է, և խնդրել եմ որոշեն՝ անհրաժե՞շտ է արդյոք, ի վերջո, իմանալ Զոլյանը կեղծ դիպլոմներ տվե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց նա:
Իսկ երրորդ հայցով Սուրեն Զոլյանն առաջին ատյանի դատարանում բողոքարկում է իր ազատման մասին նախարարի հրամանը։ Այս հայցն ընդունվել է դատարանի կողմից, և առաջին նիստի օր նշանակվել է հունիսի 14-ը: