Սփյուռքի հայագետները Լոս Անջելեսում քննարկել են հայության խնդիրները
Լոս Անջելեսի Կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել հայագիտական կոնֆերանս, որի ժամանակ ԱՄՆ-ի տարբեր հայագիտական կառույցներ ներկայացնող գիտնականներ քննարկել են սփյուռքի ամենաարդիական խնդիրները: Կոնֆերանսը կազմակերպել է ՎՀԾՀ (ARPA, Analysis Research & Planning for Armenia, հասարակական կազմակերպությունը):
UCLA համալսարանի փորձագետ, հայագիտության դասախոս Հակոբ Գուլուջյանը հանդես է եկել սփյուռքում հայոց լեզվի դերի նվազմանը վերաբերող դասախոսությամբ:
Ըստ նրա՝ 1970-ականներից ի վեր հայոց լեզվի կիրառությունը կտրուկ նվազել է սփյուռքահայության կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ հարսանիքներին, մկրտություններին, դպրոցներում ու թերթերում, գրում է glendalenewspress.com-ը:
Այն դեպքում, երբ 20-րդ դարի առաջին կեսին հայկական կազմակերպությունները իրենց ջանքերը կենտրոնացնում էին կրթության վրա, այսօրվա սփյուռքը ավելի քիչ է շեշտ դնում մշակութային գոյատևման հարցերի վրա: Առաջ են մղվել ցեղասպանության ճանաչման և հայրենիքին օգնելու հարցերը:
Գուլուջյանը առաջարկել է ստեղծել լեզուն կիրառողների «կրիտիկական զանգված», որի միջոցով ավելի շատ գրքեր ու թերթեր կտպագրվեն հայերենով, իսկ լեզուն ավել հաճախ կօգտագործվի տանը, եկեղեցում և միջոցառումներին:
Ինքը՝ բանախոսը, երկընտրանքի առաջ է կանգնել, երբ կազմակերպիչնրեը իրեն հարցրել են, թե որ լեզվով է լինելու դասախոսությունը՝ հայերենով, թե անգլերենով: Գուլուջյանը կարծում է, որ հայերեն խոսալու դեպքում իրեն կհասկանային միայն հին սերնդի ներկայացուցիչները և Մերձավոր Արևելքից եկած կրթված հայերը:
Կոնֆերանսին մասնակցած Բերքլիի համալսարանի հայագիտական ծրագրերի գործադիր տնօրեն Ստեփան Ասատուրյանը քննարկել է երեք ավանդական քաղաքական կուսակցությունների և Հայաստանի իշխանությունների գործակցության պակասը խնդիրը: Ըստ նրա՝ կուսակցությունները պնդում են, թե իրենք գործուն են, սակայն նրանք քիչ բան են արել վերջին 20 տարիներին: Նա առաջարկել է հայկական բոլոր համայնքները ներկայացնող մեկ կազմակերպություն ստեղծել:
Քննարկվել է նաև Բոսթոնի համալսարանի Ժամանակակից հայոց պատմության և գրականության ամբիոնի վարիչ Սիմոն Փայասլյանի աշխատությունը այն մասին, թե ինչպես են սփկյուռքահայ համայնքները «մարում» Միջին Արևելքում և ԱՄՆ-ում, սակայն տարբեր պատճառներով. Միջին Արևելքից հայերը հեռանում են, ԱՄՆ-ում՝ ձուլվում:









