ԱՄՆ-ի Սենատը Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է հաստատել

10:12 • 22.05.12

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը երեկ միաձայն հաստատել է օրենսդրական նախագիծը, որով նախատեսվում է Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառել.տեղեկացնում է Reuters գործակալությունը:
 

Այդ նախագծով նախատեսվում է ընդլայնել պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2012 թ-ի հունվարին: Այդ ժամանակ Իրանի կենտրոնական բանկի հետ համագործակցող միջազգային կազմակերպություններին արգելվել էր կապ պահպանել ամերիկյան ֆինանսական ինստիտուտների հետ:
 

Վերին պալատի հաստատած նախագծով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում Իրանի պետական երկու` National Iranian Oil и National Iranian Tanker նավթային կազմակերպությունների դեմ: Այսպիսով, նախագծի հեղինակները հույս ունեն, որ ամբողջությամբ կփակվի այն ճանապարհը, որով Իրանը շարունակում է նավթի արտահանումը:
 

Ավելի վաղ, ԱՄՆ կոնգրեսի ստորին պալատը նույնպես պատժամիջոցները խստացնելու մասին նախագիծ էր ընդունել: Այժմ սենատորներին և կոնգրեսմենները պետք է մշակեն փոխզիջումային մի փաստաթուղթ, որն էլ կներկայացվի նախագահի վավերացմանը:
 

ԱՄՆ-ը և մի շարք այլ պետությունները Իրանի դեմ պատժամիջոցները խստացրել էին այն բանից հետո, երբ 2011 թ-ին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը զեկույց էր հրապարակել, որի համաձայն Թեհրանը 2003 թ-ից զբաղվում է միջուկային զենքի ստեղծմամբ: Իրանն իր հերթին շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագրերը խաղաղ նպատակներ են հետապնդում:
 

Մայիսի 23-ին Բաղդադում տեղի կունենա Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունների հերթական փուլը: