Ռուսաստանում մարտական հերթապահության է անցնում Իրկուտսկի «Վորոնեժ» տիպի ՌՏԿ-ն
Իրկուտսկի շրջանում վաղը մարտական հերթապահության կանցնի նոր «Վորոնեժ-Մ» տիպի ռադիոտեղորոշման կայանը (ՌՏԿ), հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով ՌԴ օդատիեզերական պաշտպանության զորքերի ներկայացուցիչ Ալեքսեյ Զոլոտուխինը:
«Այս կայանը թվով 4-րդն է նոր սերնդի կայաններից, որը ՌԴ տարածքում շահագործման է դրվում վերջին տարիներին: ՌՏԿ-ն կաշխատի մետրային ալիքների տիրույթում և կփակի արևելյան հրթիռավտանգ ուղղությունը», - ասել է Զոլոտուխինը:
«Վորոնեժ» տիպի կայանների գործողության շառավիղը 6 հազար կմ է: ՌՏԿ-ն կարող է հայտնաբերել բալիստիկ, տիեզերական և աէրոդինամիկ թիրախներ, դրանք ուղեկցել և դասակարգել, ինչպես նաև կառավարման կետերին դրանց մասին տեղեկություններ հաղորդել:
ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքով, ի տարբերություն նախորդ սերնդի ՌՏԿ-ների, «Վորոնեժ-Մ» -ի մարտական ծավալման համար անհամեմատ ավելի քիչ ժամանակ է պահանջվում և փոքրաթիվ սպասարկող անձնակազմ: Նոր ՌՏԿ-ն ավելի մեծ շարժունակություն և էներգիայի 40%-ով նվազ ծախս ունի:









