Աշխարհի երիտասարդության 13%-ը գործազուրկ է
15-24 տարեկան երիտասարդների շրջանում գործազուրկների թիվն աշխարհում մինչճգնաժամային ցուցանիշերից ի վեր ավելացել է 4 մլն-ով և հասել է 75 մլն-ի: Այս մասին, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, լրագրողներին այսօր հայտնել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ- նստավայրը` Ժնև) զբաղվածության բաժնի գործադիր տնօրեն Խոսե Մանուել Սալասար- Շիրինաքսը` ներկայացնելով ԱՄԿ-ի 2011թ.-ի զեկույցը:
«Իրավիճակի միջնաժամկետ վերլուծությունը ցույց է տալիս, որ վիճակը դժվար թե լավանա, և մինչև 2016թ.-ը երիտասարդների շրջանում գործազրկության ցուցանիշերը կմնան բարձր մակարդակի վրա»,- ասել է նա:
Գործադիր տնօրենի խոսքով` ճգնաժամի արդյունքում առավել ծանր կացության մեջ են հայտնվել զարգացած և Եվրոմիության անդամ երկրները, որտեղ «գործազրկության ցուցանիշերի կրճատման հասնել չի հաջողվել, և ընթացիկ տարում այն կարող է հասնել 18%-ի»: Վատ վիճակում են նաև Կենտրոնական ու Արևելյան Եվրոպաները, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրները, որտեղ երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը 2011.-ին կազմել է 17.6%:
ԱՄԿ-ի կանխատեսմամբ` միջնաժամկետ հեռանկարում երիտասարդների աշխատաշուկայի վրա ուժեղ ճնշումը կպահպանվի նաև այլ տարածաշրջաններում, այդ թվում` Մերձավոր Արևելքում, Արևելյան, Հարավարևելյան Ասիայում, ինչպես նաև Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Զեկույցի համաձայն` վիճակը փրկել կհաջողվի այս ոլորտում լավ մտածված քաղաքականությունը, որը կներառի մակրոտնտեսական ասպեկտը, ճգնաժամի պայմաններում գործատու ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրումը, երիտասարդների ուսուցման պետական ծրագրերը և այլն:
ԱՄԿ-ն զգուշացնում է, որ խնդիրը չլուծելու դեպքում կլինեն ծանր հետևանքներ:









