Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում. ԱԺ նորընտիր նախագահ (թարմացվում է,լուսանկարներ)
Ազգային ժողովում քիչ առաջ կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում 102 կողմ, 4 դեմ, 4 անվավեր ձայներով ԱԺ նախագահ ընտրվեց այդ պաշտոնի միակ թեկնածու Հովիկ Աբրահամյանը։
Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում. ԱԺ նախագահի աթոռին նստելուց հետո ասաց Հովիկ Աբրահամյանը:
Անցնելով բուն պարտականություններին Հովիկ Աբրահամյանը ԱԺ կանոնակարգ օրենքով ՀՀ ԱԺ խմբակցություններին առաջարկեց առաջադրել ԱԺ փոխնախագահների թեկնածուներին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջարկեց ՀՀ ԱԺ գործող փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը:
Էդուարդ Շարմազանովը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին՝ իրեն վստահելու համար, այնուհետև խոստացավ բաց և թափանցիկ աշխատել ԱԺ բոլոր գործընկերների հետ:
Մինչ այդ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի խմբակցության և «Ժառանգություն» խմբակցության անդամները բոյկոտել են ՀՀ ԱԺ առաջին նիստը:
«Ափսոս, որ ընդդիմադիր մեր գործընկերները՝ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» չկան, սակայն մեր հետագա աշխատանքը ես կկազմակերպեմ այնպես, որպեսզի փոխհամաձայնության մթնոլորտում լինի ամեն ինչ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, թե վերջինս ինչպես է նշելու իր` ԱԺ նախագահ ընտրվելը, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ միայն լրագրողների հետ է նշելու:
Tert.am-ի հարցին, թե հնարավոր է, որ հետագայում մեկը մյուսի փոխարեն քվեարկելու տհաճ ավանդույթը վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկվեն, մասնավորապես, քվեարկության ժամանակ կիրառվի մատնահետքերի տեխնոլոգիան, ինչը շատ այլ երկրներում կիրառվում է, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ դժվար թե բանը դրան հասնի:
«Ես չեմ կարծում, որ բանը կհասնի դրան, սակայն ՀՀ նախագահը և ՀՀԿ ղեկավար կազմը հրահանգել են բոլոր պատգամավորներին, ովքեր ցանկանում էին ընտրվել, որ պետք է պարտադիր կերպով ակտիվ մասնակցեն ԱԺ աշխատանքներին: Այնպես որ, ԱԺ աշխատանքներին կմասնակցեն բոլոր պատգամավորները»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նշենք նաև, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նույնպես մասնակցեց ԱԺ նախագահի ընտրությանը, իսկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չէր եկել ԱԺ:









