Հասարակության «գլամուր» հատվածի կարծիքը պրոդյուսեր Արա Ղազարյանին չի հետաքրքրում

12:47 • 31.05.12

«Անմեղ մեղավորները» ֆիլմի պրոդյուսեր, ԱՄՆ-ում բնակվող Արա Ղազարյանը, ով նաև նույն վերնագրով սերիալի պրոդյուսերն է, այսօր հրավիրված մամուլի ասուլին ասաց, որ հասարակության «գլամուր» հատվածի կարծիքն իրեն քիչ է հետաքրքրում։


«Թեև ես քննադատությանը լավ եմ վերաբերում, քանի որ իմ ուշքը գնում է քննադատելու համար»,– ասաց նա՝ ավելացնելով, որ սերիալը մի տեսակ անավարտ վերջացավ և ինքը նման բան թույլ տար չէր կարող:


«Ես որոշեցի, որ ավարտը պետք է ֆիլմի տեսքով լինի: Սերիալի և ֆիլմի գաղափարը իմն է»,– ասաց նա՝ ավելացնելով, որ ընդունված է նման ֆորմուլայով ֆիլմ նկարել և որպես օրինակ բերեց «Սեքսը մեծ քաղաքում» ամերիկյան ֆիլմը։


Արա Ղազարյանը նաև նշեց, որ ԱՄՆ-ում այն ցուցադրվել է և աննախադեպ թվով հայ հանդիսատես է դիտել այն:
Պրոդյուսերը նաև զարմանք հայտնեց այն առիթով, որ Հայաստանում ֆիլմը դեռևս ցուցադրվում է «Մոսկվա» կինոթատրոնում, թեև իրենք նախատեսել էին ընդամենը երկու-երեք սեանս:


«Ես ուզում եմ ցույց տալ, որ ԱՄՆ-ում մենակ քաբաբ ու խորոված չենք անում, շատ ավելի լավ բաներ ենք անում, որ նույնիսկ Հայաստանում չեն անում»,– ասաց նա:


«Մի անգամ մեկը ասաց, որ սփյուռքում սիրողական արվեստով են զբաղվում, և ես այդ ասողի «պորտը տեղը դրեցի» ու ասեցի, որ դա ճիշտ չէ: Շատերը այստեղ պետական միջոցները մսխելով տասը հոգու համար ֆիլմ են նկարում, իսկ մենք ցույց տվեցինք, թե ինչ կարող ենք անել մեր միջոցներով»,- ավելացրեց պրոդյուսերը։


Արա Ղազարյանը գնահատում է այն հանդիսատեսին, որը կես կիլոգրամ միս քիչ է գնել՝ փոխարենը վայելել է ֆիլմը կինոսրահում:


«Անմեղ մեղավորները» ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվում է մայիսի 19-ից և կշարունակվի այնքան ժամանակ մինչև որ այլևս պահանջարկ չլինի: