Ռուսաստանում թափ է հավաքում հայ լրագրողուհու և Մեդվեդևի լուսանկարի շուրջ պատմությունը
Մայիսի 26-ին Մոսկվայում կայացել էր «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը, որին որպես կամավորական մասնակցել էր նաև Новая Газета-ի թղթակից Դիանա Խաչատրյանը: Համագումարի ընթացքում նա խնդրել էր ՌԴ վարչապետին միասին լուսանկարվել, ինչից հետո անսպասելի հալածանքների թիրախ էր դարձել և վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի խոսքով «հայտնվել բոլոր հնարավոր սև ցուցակներում»:
Լուսանկարի շուրջ բարձրացած աղմուկից հետո Խաչատրյանը ստիպված է եղել դիմել հենց Մեդվեդևին: Նա մասնավորապես գրել է. «Դմիտրի Անատոլյեվիչ, գուցե հիշեք ինձ: «Եդինայա Ռոսիայի» համագումարին ես կամավորական էի և Ձեզ խնդրեցի ինձ հետ լուսանկարվել: Դուք սիրով համաձայնեցիք:
Այսօր ես դիմում եմ Ձեզ, քանի որ այդ՝ թվում էր անմեղ լուսանկարի պատճառով արդեն կոնկրետ մարդիկ են տուժել: Կամավորականների խմբի ղեկավարներից մեկին հենց իմ ներկայությամբ տեղում SMS-ով աշխատանքից ազատեց անվտանգության ծառայությունը, մյուսին ղեկավարությունը առանց աշխատավարձի թողեց, իսկ ձեզ ուղեկցող կինն ինձ ուղիղ հարցրեց. «Գուցե բանտ ես ուզում գնալ»»:
«Վախենամ, թափի տակ են ընկել նաև Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք առանց հարցնելու, ВКонтакте-ի իմ էջից հանել էին լուսանկարս VIP-բեջի համար, սակայն ժամանակ չէին գտել ստուգել Facebook-ը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ Новая Газета-ի քաղաքական բաժնի թղթակից»:
«Դմիտրի Անատոլյեվիչ, եթե դուք դեմ չեք, ապա ինչո՞ւ են դեմ մնացած բոլոր», - եզրափակել է Խաչատրյանը:









