Ադրբեջանը փորձագետներ է գնում Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմում. ֆիլմ` 2 երկրների մասին (տեսանյութ)
«Հայկական առաջին ինտերնետ հեռուստաընկերություն» ինտերնետ- պորտալը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղեկատվական պատերազմի մասին ֆիլմ է պատրաստել, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:
Ֆիլմում քաղտեխնոլոգ, «Առաջին էքսպեդիցիոն ընկերություն» ասոցիացիայի անդամ Վլադիմիր Գորյունովը նշում է, որ եթե ադրբեջանցի փորձագետները դժգոհում են իրենց մասնագետների պատրաստվածության ցածր մակարդակից ու ոչ կոմպետենտությունից, ապա հայկական կողմը բավական պասիվ է և, միևնույն ժամանակ, բացակայում է այս խնդրի հանդեպ պետական մոտեցումը:
«Ադրբեջանը փորձագետներ է գնում, այն էլ` ռուս փորձագետների, իսկ երբեմն էլ ինստիտուտների մի ամբողջ բաժանմունք»,- ասում է քաղտեխնոլոգը: Իսկ հայկական կողմը, մասնավորապես` Սփյուռքը, մեծ գումարներ ու ժամանակ է ծախսում համերգների ու այլ մշակութային միջոցառումների կազմակերպման համար: Ֆիլմում հանդես եկած փորձագետները նշում են, որ հայկական կողմից պետական մակարդակով համակարգված մոտեցում չի դիտվում:
Այս ֆիլմով հեղինակները փորձել են Հայաստանի իշխանությունների ուշադրությունը հրավիրել խնդրին, քանի որ «համացանցում իսկական տեղեկատվական պատերազմ է ծավալված, որն օգտատերերի մոտ թյուր կարծիք է ձևավորում ղարաբաղյան հակամարտության պատմության մասին»:
Ֆիլմում իրենց կարծիքներն են ներկայացրել «Ռեգնում» լրատվական գործակալության նախկին գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, քաղտեխնոլոգ Վլադիմիր Գորյունովը, Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար Յանա Ամելինան ու «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:









