Կառավարությունը հրաժարական տվեց, բայց նախարարները դեռ աշխատանքի կգնան
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության հերթական նիստն սկսել է ընթերցելով ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի պահանջը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը և հաշվի առնելով, որ 2012 թ. մայիսի 31-ին գումարվել է Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, ես Հանրապետության նախագահին եմ ներկայացրել կառավարության հրաժարականը»,- ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը մեջբերում է Տիգրան Սարգսյանի խոսքը։
«Միևնույն ժամանակ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք շարունակել կատարել մեր պարտականությունները մինչև նոր կառավարության կազմավորումը»,– ավելացրել է վարչապետը։
Հաստատելով օրակարգը` կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը։









