ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է. «Հայկական Ծրագրեր» ընկերության հայտարարությունը
ՏՏ ոլորտում մասնագիտացած, հաշվապահական ծրագրեր և կառավարման ավտոմատացման համակարգեր արտադրող «Հայկական Ծրագրեր» ընկերությունը հայտարարություն է տարածել,՝ մասնավորապես, ահազանգելով ՏՏ ոլորտի՝ «կործանման եզրին» լինելու մասին։ Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև.
«Հայկական Ծրագրեր» ընկերությունը Հայաստանում, ՏՏ բնագավառում, աշխատում է արդեն 25 տարի: Ընկերությունն ունի 125 աշխատակից: Մենք ունենք 3000-ից ավելի պատվիրատուներ: Մեր համակարգերով աշխատում են Հայաստանի բանկերի, վարկային կազմակերպությունների, մասնավոր և պետական կազմակերպությունների ճնշող մասը:
Մենք հպարտանում ենք, որ նշանակալի ներդրում ունենք Հայաստանի ՏՏ բնագավառում:
Հայկական Ծրագրեր ընկերությունը ամենապարտաճանաչ հարկատուն է: 25 տարվա ընթացքում մեր ընկերությունում ոչ մի հարկային խախտում չի արձանագրվել: Մեր ընկերությունը հսկայական գումարներ է մուծել պետբյուջե և ամենաէֆեկտիվ հարկատուներից է մի աշխատակցի հաշվով վճարվող հարկերով: Ի տարբերություն շատ գործարարների մենք հպարտանում ենք դրանով: Հիմա մենք ցավով արձանագրում ենք, որ ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է: Մենք ցանկանում ենք հաշվետվություն ստանալ ՏՏ ոլորտը բարեփոխելու կոչված կազմակերպությունների գործունեության վերաբերյալ:
Հայաստանում արդեն 10 տարի է գործում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Մեր գնահատականը այս կազմակերպության գործունեության վերաբերյալ, որը ֆինանսավորվում է մեր վճարված հարկերից, խիստ բացասական է: «Հայկական Ծրագրեր» Ընկերությունը պահանջում է ՀՀ կառավարությունից կազմակերպել Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի ֆինանսական և մասնագիտական անկախ աուդիտ ամբողջ 10 տարիների համար: Աուդիտին պետք է իրավունք ունենա մասնակցել Հայաստանի ՏՏ բնագավառի ցանկացած ձեռնարկության ներկայացուցիչ:
Աշոտ Խաչատրյան,
«Հայկական Ծրագրեր» ընկերության տնօրեն









