ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվեց միայն Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը
ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի միակ թեկնածուն Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Հովիկ Աբրահամյանն է, ում թեկնածությունն առաջարկեց Հանրապետական կուսակցության անդամ Գալուստ Սահակյանը:
Այնուհետև, նիստը վարող ՀՀԿ անդամ, պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ելույթի համար խոսք տվեց ԱԺ նախագահի միակ թեկնածուին՝ Հովիկ Աբրահամյանին, ով նշեց, որ երախտապարտ է ՀՀԿ-ին ու իր գործընկերներին նման վստահության համար:
«Հինգերորդ գումարման խորհրդարանը ներկայացուցչական մարմին է, որը ներկայացված է լայն ներկապնակով: Հույս ունեմ, որ ներկայիս խորհրդարանը պառլամենտարիզմի ավանդույթները նոր մակարդակի վրա կբարձրացնի: Պատասխանատու եմ համարում նման պաշտոնը, պատկերացնում եմ ինչ պատասխանատվություն է դրվում ԱԺ նախագահի վրա և պատրաստ եմ դրան»,-ասաց Հովիկ Աբրահամյանը։
Նա նշեց, որ որքան էլ պատգամավորները քննադատեն իրար, միևնույնն է, բոլորն էլ նույնն են ուզում. «Այս պայքարում հաղթելու է Հայաստանն ու հայ ժողովուրդը: Եկել է աշխատելու ժամանակը ու պետք է աշխատենք բոլորս միասին և խնդիրները պետք է լուծենք միասնաբար»։
Հովիկ Աբրահամյանը նաև նշեց, որ այս դահլիճում են սկսվելու և ավարտվելու քաղաքական մտքի զարգացումները և հատվելու տեսակետները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ԱԺ նախագահի թեկնածու Հովիկ Աբրահամյանին խնդրեց մինչ ընտրվելը երաշխավորել, որ եկող 5 տարիների ընթացքում յուրաքանչյուր պատգամավոր կքվեարկի միայն ի՛ր մանդատով:
Ի պատասխան Արսենյանի խնդրանքին, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իրենք (ՀՀԿ-ն- Tert.am) միշտ պայքարել են այդ երևույթի դեմ և կշարունակեն պայքարել:









