Իռլանդիայում ԵՄ Բյուջետային պակտի ընդունման հանրաքվե է անցկացվում

12:13 • 31.05.12

Իռլանդիայում այսօր անցկացվում է Եվրամիության Բյուջետային պակտի ընդունման հանրաքվե, որը ստորագրվել է Բրյուսելում, մարտի 2-ին, Եվրամիության 27 երկրներից 25-ի առաջնորդների մասնակցությամբ:

 

Գերմանիայի ու Ֆրանսիայի նախաձեռնությամբ մշակված փաստաթուղթը կոչված է նոր ու հուսալի հիմք դնել եվրոգոտու ֆինանսական ու բանկային շուկաների և ողջ Միության ներսում` ապագայում ներկա պարտքային ճգնաժամի կրկնությունից խուսափելու համար: Իռլանդիան Եվրամիության միակ երկիրն է, որը պակտի ընդունման հանրաքվե է անցկացնում:


Երկրի վարչապետ Էնդա Քեննին կիրակի ազգաբնակչությանն ուղղված տեսաուղերձում կոչ էր արել «այո» ասել փաստաթղթին, քանի որ «այն թույլ կտա ամրապնդել եվրոգոտու երկրների համար մշակված տնտեսական ու բյուջետային կանոնները»:

 

«Այս պակտը կայունություն կբերի, որը հարկավոր է նոր աշխատատեղերի ստեղծման ու տնտեսական աճի համար: Քվեարկության դրական արդյունքը կապացուցի, որ մեր երկիրն անում է հնարավորը տնտեսության վերականգնման համար»,- ասել է նա:

 

Պակտի ընդունմանը դեմ է «Շինն ֆեյն» կուսակցության առաջնորդ Ջերի Ադամսը: Նա կոչ է արել քաղաքացիներին պաշտպանել իրենց ազգային շահերը:

 

«Եթե ձեզ դուր չեն գալիս կառավարության գործողությունները, կարող եք նրանց վտարել ու նոր կառավարություն ընտրել: Սակայն չեք կարող նույնն անել Ֆրանկֆուրտի կամ Բրյուսելի բյուրոկրատների հետ»,- ասել է նա: