Օբաման եվրոպացի առաջնորդների հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ երեկ քննարկել է Եվրոպայում տնտեսական իրավիճակը և սիրիական ճգնաժամը: Այս մասին, vz.ru-ի փոխանցմամբ, հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:
Քառակողմ տեսաքննարկումը մայիսի 18-19-ին Քեմփ-Դևիդում անցկացված «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի և նախորդ շաբաթ Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման շարունակությունն է եղել, մանրամասնել են Սպիտակ տնից:
Առաջնորդները կարևորել են Սիրիայի իշխանությունների կողմից սեփական ժողովրդի հանդեպ բռնությունների անհապաղ դադարեցումը և նոր իշխանությունների ստեղծման անհրաժեշտությունը:
Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը նախագահ Ասադին 48 ժամ էր տվել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի ծրագրի կատարման համար, հակառակ դեպքում` սպառնալով «հետևանքներով»:
Իր հերթին Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, թե Սիրիայում ռազմական միջամտության դեպքում Իրանը կհարվածի Իսրայելին:
Մի շարք երկրներ Սիրիայի իշխանություններին սպառնացել են ռազմական գործողություններ սկսել, եթե երկրում բռնությունները չդադարեցվեն: Պատճառը մայիսի 25-26-ին սիրիական Հուլա քաղաքում բռնություններն են, որին զոհ է գնացել ավելի քան 100 մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ:









