Եգիպտոսի նորընտիր նախագահի երդմնակալությունից հետո Մուբարաքի վիճակը վատացել է
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, չնայած իրեն բուժող բժիշկների արգելքներին, հեռուստատեսությամբ դիտել է նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Մուհամեդ Մուրսիի երդմնակալության արարողությունը, ինչից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին, «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտնել է եգիպտական «Ալ-Մասրի ալ-Յաում» թերթը:
«Մուսուլման եղբայրներ»-ի ներկայացուցիչ Մուրսիի երդմնակալությունը տեղի է ունեցել շաբաթ օրը, Սահմանադրական դատարանի գլխավոր շենքում:
Հիվանդանոցում գտնվող 84-ամյա Մուբարաքը, լսելով Մուրսիին ուղեկցող ոստիկանական մեքենաների ազդանշանները և իմանալով նրա երդմնակալության մասին, բժիշկներից պահանջել է միացնել հեռուստացույցը:
Արարողությունից հետո, նրա հոգեկան վիճակը կտրուկ վատացել է, ինչից հետո բժիշկները նրան արգելել են հեռուստացույց դիտել կամ թերթ կարդալ:









