Կոլումբիայում հրաբխի ժայթքման պատճառով սկսվել է բնակիչների տարհանումը, այդ թվում՝ Արմենիայից

12:15 • 01.07.12

Կոլումբիայում Նևադո դել Ռուիս հրաբխի ժայթքման պատճառով հարակից շրջաններից սկսվել է բնակչության տարհանումը, հայտնում է Reuters-ը:

 

Ավելի վաղ Նևադո դել Ռուիսի ակտիվության պատճառով փակվել էին մերձակա քաղաքների 4 օդանավակայանները: Առանց օդային հաղորդակցության են մնացել Մանիսալես, Պերեյրա, Արմենիա և Կարտագո քաղաքները: Այս բնակավայրերում բաժանվել են հազարավոր դիմակներ` մոխրից պաշտպանվելու համար:

 

«Ամենագլխավորն այն է, որպեսզի հրաբխի հարակից շրջանների բնակիչները հետևեն փրկարարների բոլոր հրահանգներին»,- ասել է փրկարար ծառայության ղեկավարը` հավելելով, որ նույնքան կարևոր է բնակչության շրջանում խուճապ թույլ չտալը:

  

1985թ.-ի նոյեմբերին այս հրաբխի ժայթքումը հանգեցրեց ողբերգական հետևանքների: Այդ ժամանակ հրաբխի ժայթքման հետևանքով Գուալի գետի սառույցն արագորեն հալչեց` զգալիորեն բարձրացնելով ջրի մակարդակը, որն էլ ափերից դուրս գալով երկրի երեսից ջնջեց Արմերո քաղաքը և հանգեցրեց ավելի քան 20.000 մարդու մահվան: