«Մերսեդեսը» Երևան–Սևան ճանապարհին բախվել է պատին. կա 5 վիրավոր (լուսանկարներ)

20:43 • 01.07.12

Այսօր՝ հուլիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16.25–ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ ավտովթարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել հինգ երիտասարդ։


Ինչպես Կոտայքի մարզից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 3–րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արսեն Գրիգորյանի և դասակի հրամանատար Ավետիք Թևոսյանի գլխավորությամբ։ Հիվանդանոց է մեկնել նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Վրեժ Ալեքսանյանի գլխավորությամբ։

Օպերատիվ–քննչական խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Աբովյանի 3–րդ միկրոշրջանի բնակիչներ 35–ամյա Արամ Հարությունյանը, 3–ամյա Լևոն Հարևությունյանը, Աբովյանի 4-րդ միկրոշրջանի բնակիչներ 29-ամյա Գրիգոր Բալյանը, 32–ամյա Կարեն Ազատյանը, 27-ամյա Ռազմիկ Պողոսյանը։


Պարզվել է, որ այսօր ժամը 15.45–ի սահմաններում Երևան–Սևան ավտոճանապարհի 23–րդ կմ հատվածում Աբովյան 4-րդ միկրոշրջանի բնակիչ Էդիկ Բալյանը, վարելով «Մերսեդես Ե 230» մակնիշի 91 RU 999 համարանիշի ավոմեքենան, դուրս է եկել ճանապարհ երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պատին, ինչի հետևանքով բոլոր 5 ուղևորները տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանման տարածք։
 

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի