Մտավորականությունը լռում է, երբ գործում է մեր ներսի թշնամին. Արամ Մանուկյան

14:07 • 02.07.12

«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ «Հարսնաքար» ռեստորանում ծեծկռտուքի արդյունքում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունն ավելին է, քան սպանությունը։


Ըստ Մանուկյանի՝ այն որակ կազմող երևույթ է, եզակի դեպք չէ, և մարտահրավեր է հայ հասարակությանը:
«Անպատժելիությունը, «բեսպրեդելը», էդ մթնոլորտը որակ է կազմում, դեպք դեպքի հետևից է գնում, և ադեկվատ չի էն արձագանքը, որը պիտի նման դեպքերի ժամանակ լինի»,– ասաց նա:


«Ստացվում է, որ եթե թշնամին դրսից է, դրսից են քո զինվորին սպանում, էդ դեպքում ըմբոստացման չափը բարձր է, էդ դեպքում, քո մտավորականությունը ոտքի է կանգնում, աղմկում է, պետիցիաներ է անում, հոխորտում է: Բայց երբ ներքին տականքն է քո զինվորին սպանում, այս դեպքում չեն ըմբոստանում»,- ասաց ՀՀՇ վարչության նախագահը:


Արամ Մանուկյանը այս չըմբոստացման հիմնական մեղքը տեսնում է իր բնորոշմամբ՝ «կոչումավոր»,«վաստակավոր», սերիալային (նկատի ունի հեռուստաեթերի դեմ բողոքող մտավորականներին – Tert.am ) մտավորականության մեջ, որը, իր խոսքով, չկա, քանի որ չի գործում ավելի վտանգավոր ներքին թշնամու դեմ:


Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ ծայրահեղ ծանր վիճակում մնալուց հետո հունիսի 29-ին մահացել էր հիվանդանոցում։


Արամ Մանուկյանը բավարար և ադեկվատ չի համարում նաև Վահե Ավետյանի սպանությանը հետևած Պաշտպանության նախարարության արձագանքը:


«Կա տարբեր ոլորտներում 130–ի չափ գեներալ, ու՞ր էն էդ գեներալները, զինվորականի պատվի խնդիր է. մեր բանակում 20.000–ից ավելի սպա կա, ո՞վ է պահելու սպային պատիվը: Այս դահիճներին, այդ «մահակներին», ես նրանց այդպես եմ անվանում, որևէ մեկը պե՞տք է քթին խփի»,-ասաց բանախոսը և հավելեց, որ արդյունքում՝ թիկնապահներն անպատիժ գալիս են «Հարսնաքարներից», «Տեցի կռուգներից» ու «Պապլավոկներից:


ՀՀՇ վարչության նախագահը միակ մխիթարանք է համարում հասարակական-քաղաքական մասի ու երիտասարդության ակտիվացումը, որը այս օրերին մի քանի ակցիա իրականացրեց «Հարսնաքարի», նախագահական նստավայրի ու Գլխավոր դատախազության մոտ:


Եթե չլիներ նախնական պայմանավորվածությունը, ապա, Արամ Մանուկյանն ասաց, որ, առհասարակ, մամուլի ասուլիսով հանդես չէր գա: