Լուրջ բարեփոխումներ՝ Հայաստան-ԵՄ 2012-2013թթ-ի ծրագրերում. Արթուր Բաղդասարյան
Երևանում կայացավ ԵՄ Խորհրդատվական խորհրդի 10-րդ նիստը, որին բացի Խորհրդատվական խմբի անդամներից ներկա էին նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան:
Արթուր Բաղդասարյանն իր խոսքում ասաց, որ, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում այս համագործակցությունը, որը արդյունավետորեն շարունակում է իր աշխատանքը:
«Հայաստան-Եվրամիություն քաղաքական, տնտեսական և արդարադատության ոլորտում տեղի ունեցող համագործակցությունը բավական հաջող ընթացք ունի: Մենք այժմ զբաղված ենք Հայաստան-Եվրամիություն 2012-2013թթ-ի ծրագրի իրականացմամբ, որով նախատեսվում են բավական լուրջ բարեփոխումներ՝ 10 նոր ռազմավարութուն, որ պետք է ընդունենք և 7 հայեցակարգ, որը ներառում է ՀՀ ոստիկանության համակարգը, մաքսային համակարգը, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառը և շատ այլ բնագավառներ ու ենթակառուցվածքնսեր»,- ասաց նա:
Արթուր Բաղդասարայանը նշեց, որ արդեն այս ամիս իրենք Ազգային անվտանգության խորհրդի նիստում մտադիր են քննարկել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը, որը մշակվել է Եվրոպական Միության խորհրդատուների հետ:
Հայաստանում ԵՄ Դեսպան Տրայան Հրիստեան նշեց, որ բարձր է գնահատում Հայաստան-ԵՄ ակտիվ ու արդյունավետ հարաբերությունները՝ ավելացնելով, որ այսօր արդեն կարող ենք շատ հստակ արդյունքներ արձանագրել:
«Օրինակ՝ պետք է շեշտեմ ազատ առևտրի գոտու հետ կապված գործընթացները, որոնք արդեն իսկ արդյունավետորեն մեկնարկել են: Ինչպես կողմերը համաձայնել են Վարշավայի գագաթաժողովին, դրանք կատարյալ հնարավորություն են ընձեռում «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը Հայաստանի նկատմամբ կիրառել»,– ասաց նա:
«Խորհրդատվական խումբը ինչպես միշտ պատրաստ է իր ջանքերն ուղղել Հայաստանում բարեփոխումների իրականացնման գործին»,- ասաց նա և ավելացրեց, որ ԵՄ խորհրդատվական խմբի առաքելությունն է խորացնել տարբեր ոլորտներում ԵՄ աջակցությունը և համագործակցությունը և դրանով իսկ զարկ տալ կառավարության ջանքերին՝ բարեփոխումների օրակարգն իրականացնելու համար:
Նշենք, որ խորհուրդը հաստատեց 2012թ-ի հուլիս-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագիրը, որը սահմանում է ԵՄԽԽ խորհրդատուների կողմից համապատասխան նախարարություններին և այլ պետական մարմիններին քաղաքականության մշակման ուղղությամբ տրամադրվող խորհրդատվության ակնկալվող արդյունքները:
Նշենք, որ ԵՄ խորհրդատուները կշարունակեն օժանդակել ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի բանակցային գործընթացին:









