Հայաստանում անցկացվում է կլիմայի փոփոխության մեղմման թեմայով աշխատաժողով
Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունն ու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը կազմակերպել էին «Կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագրին» նվիրված աշխատաժողով:
Այն նվիրված է Արևելյան Եվրոպայի, Ասիայի ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար ազգային համատեքստին համապատասխան մեղմման գործողությունների նախապատրաստման և իրականացման գործընթացում փորձի փոխանակմանը:
Աշխատաժողովին մասնակցում են 33 պետություններից և 11 միջազգային կազմակերպություններից 73 ներկայացուցիչներ:
Աշխատաժողովին ներկա էր նար ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով նշեց, որ մեր երկիրը չի կարող անմասն մնալ կլիմայի փոփոխությունների հետևանքներից խուսափելու համար մշակվող գործողությունների ծրագրերից, որովհետև կարիք կա, որ կոնվենցիայի բոլոր երկրները, որոնք մոտ 200 են, միասնական ծրագիր մշակեն՝ միասնական դիմագրավելու բոլոր փոփոխություններին:
« Կլիմայի փոփոխության վրա հիմնականում ազդեցություն է ունենում ջերմոցային գազերը, որոնք նաև ջրային ռեսուրսների, հողերի դեգրադացման վրա են ազդեցություն ունենում: Մենք պետք է կարողանանք այնպիսի իրավիճակներ ստեղծել, որպեսզի կարողանանք կրճատել ջերմոցային գազերը: Այնպիսի այրում իրականացնենք, որ այն գազերը, որոնք հիմնականում կլիմայի փոփոխություն են առաջացնում, կրճատվեն»,-ասաց նախարարը:
Նա հույս հայտնեց, որ աշխատանքի վերջում այնպիսի մոտեցումներ կներդրվեն, որ հասու կլինեն բոլոր անդամ երկրներին:
«Ամեն երկիր իր առանձնահատկություններն ունի և մշակում է իր աշխատանքները, բայց կան ընդհանրական դրույթներ, որոնք անհրաժեշտ է պահպանել»,- ասաց Արամ Հարությունյանը:
Նշենք, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ 1993թ-ին վավերացրեց Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան, ինչից հետո 19 տարիների ընթացքում Հայաստանն ակտիվորեն մասնակցել է կոնվենցիայի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներին:
«Կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագրերի» հայեցակարգը կլիմայի փոփոխության միջազգային բանակցությունների օրակարգում պաշտոնապես ներառվեց 2007թ-ին: Այնուհետև այդ հայեցակարգը կատարելագործվեց Կանկունյան համաձայնագրով և նոր թափ ու որակ ստացավ Դուրբանյան որոշումներով:









