Երևանում կանցկացվի գրադարանագիտության խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով
«Գուտենբերգից մինչև ինտերնետ.անավարտ պատմություն գրադարանների համար» նշանաբանով հուլիսի 3-5-ը Երևանում կանցկացվի գրադարանագիտության արդի խնդիրներին նվիրված եռօրյա միջազգային գիտաժողով:
Ըստ «Գիրք» հիմնադրամի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության գիտաժողովը կազմակերպվել է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու ծրագրի շրջանակում և մշակույթի նախարարության, Ազգային գրադարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և «Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարաններին» միջազգային կոնսորցիումի նախաձեռնությամբ :
Եռօրյա աշխատանքային քննարկումների ընթացքում գիտաժողովի մասնակիցները կանդրադառնան այսօր զարգացող երկրներում մտավոր սեփականության և հեղինակային իրավունքի, «Բաց մատչելիության» սկզբունքի հիման վրա գիտական ամսագրերի հրատարակման խնդիրներին։
Անդրադարձ կլինի նաև գրադարաններին ազատ կոդերով ծրագրերի ներկայացման փաթեթներին, որոնք տարածվում են անվճար, սպասարկվում են գրադարանավարների ուժերով և մեծ տարածում ունեն ամերիկյան և եվրոպական գրադարաններում:
Գիտաժողովի պլենար զեկուցումների և աշխատանքային քննարկումների ընթացքում մասնակիցները կծանոթանան նաև եվրոպական և հյուսիսամերիկյան երկրներում գրադարանային ոլորտում կուտակված փորձին ու նոր ձեռքբերումներին:
Բացի այդ, միջազգային շուկայում առաջատար 13 հրատարակիչներ ,որոնց անուններն արդեն ինքնին խոսում են տվյալ հրատարակչական կառույցի մասին, գիտաժողովի մասնակիցներին կցուցադրեն իրենց արտադրանքը:










