Որքան վատ երևույթ է բռունցքով հարց լուծելը, ոչ պակաս վատ է վենդետան. ՀՀԿ մամուլի խոսնակ
Ցանկացած հարց պետք է լուծվի օրենքի և օրինականության շրջանակներում, և որքան վատ երևույթ է զոռբայությամբ ու բռունցքներով հարց լուծելը, ոչ պակաս վատ է վենդետան, որը երբևէ չի կարող խրախուսվել:
Tert.am –ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցադրմանը, որ ոմանք մեր երկրում անարդար իրականության վրա ուշադրություն հրավիրելու փորձ են համարում «Հարսնաքար» ռեստորանային համալիր այցելած և այն պայթեցնելու սպառնալիքներ հնչեցրած զինվորական Վարդան Սամվելյանի քայլը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցներից կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով մի քանի օր հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում մնալուց հետո Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյան մահացել էր հունիսի 29-ին։
Այսօր Վահե Ավետյանի հուղարկավորության արարողությանը մասնակցում էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, սակայն հանրապետական կուսակցության, առնվազն հայտնի դեմքեր չկային:
Ռազմական բժշկի հուղարկավորությանը ներկա չէին առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ովքեր, սակայն, առավոտյան այցելել էին Վահե Ավետյանի ընտանիքին և կրկին իրենց ցավակցությունն էին հայտնել:
Ի պատասխան հարցի, թե ինչու, Էդուարդ Շարմազանովը, նշելով, որ առիթ ունեցել է մամուլի միջոցով ցավակցելու Վահեի հարազատներին, ընտանիքին ու գործընկերներին, հավելեց, որ այս դեպքի համար ողջ հասարակությունն է ցավում:
«Եվ չեմ կարծում, որ ով չի մասնակցել Վահեի հուղարկավորությանը, չի ցավում կամ էլ նրա սպանությունը դատապարտում են միայն նրանք, ովքեր եղել են թաղման արարողությանը: Վահե Ավետյանի ցավալի և դժբախտ դեպքը դատապարտում է ողջ հասարակությունը՝ անկախ քաղաքական կողմնորոշումից»,– ասաց նա:
Ըստ Շարմազանովի՝ կարծիքը մեկն է. սա «անհանդուրժողականության դասական օրինակ է և հոռի արժեքների զարգացման, խորացման երևույթ, որը պետք է իրավապահ մարմինների կողմից խստագույնս պատժվի»։
«Ի վերջո, մարդկային երիտասարդ կյանք է կորել և դրանից բարձր արժեք չկա: Եվ կարծում եմ՝ այս արարքի հեղինակներին օրենքի ողջ խստությամբ պատժելուց բացի, մենք նաև բոլորս պետք է մեզ հարց տանք՝ ինչու են նման դեպքերը շատացել:
Իջևանում նման դեպք եղավ, այսօր Վանաձորում է եղել, ինչպես տեղեկացա կայքերից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը բավարար և ադեկվատ չհամարելով Վահե Ավետյանի սպանությանը հետևած Պաշտպանության նախարարության արձագանքը, ասել էր, որ իշխանությունների ստեղծած ամենաթողության արդյունքում են թիկնապահներն անպատիժ դուրս գալիս
«Հարսնաքարներից», «Տեցի կռուգներից» ու «Պապլավոկներից:
Ի պատասխան, Էդուարդ Շարմազանովը նախ ասաց, որ չի ցանկանում հայ սպայի ու բժշկի ցավալի այս դեպքը վերածել «ընդդիմության հետ դեբատի», ապա կոչ արեց մարդուն դեռ չթաղած ամպագոռգոռ հայտարարություններ չանել, էժան դիվինդենտներ չշահել:









