Թուրքիան օդ է բարձրացրել 6 կործանիչ` ի պատասխան Սիրիայի գործողությունների
Թուրքիայի ռազմաօդային ուժերն այսօր երկինք է բարձրացրել F-16 տիպի 6 կործանիչ` ի պատասխան թուրք- սիրիական սահմանի մերձակայքում սիրիական ուղղաթիռների թռիչքների: Այս մասին, ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, հայտնել է թուրքական զինված ուժերի ներկայացուցիչը:
Կործանիչների թռիչքն իրականացվել է երկրի հարավում գտնվող Ինջիրլիքի ավիաբազայից: ՌՕՈՒ այս գործողությունները վկայում են սպառնալիքի գնահատման նոր սկզբունքների մասին, ինչի մասին հայտարարել էր երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հունիսի 22-ին Սիրիայի կողմից կործանված թուրքական կործանիչի կապակցությամբ:
Սահմանամերձ օդային տարածքում թուրքական ՌՕՈՒ-ն արդեն իրականացրել է մի քանի թռիչք` Սիրիայի կողմից օդային հաղորդակցությունը խախտելու սպառնալիքի հետ կապված: Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալներով` հունիսի 30-ին սիրիական ռազմաօդային ուժերին պատկանող Մի-8 և Մի-17 տիպի ուղղաթիռները թռիչքներ են իրականացրել թուրքական սահմանից 6.4 կմ հեռավորության վրա:









