«Հարսնաքարը» պայթեցնել ցանկացողի առեղծվածը. հոգու ճի՞չ է, թե արհեստական քայլ

12:22 • 02.07.12

Եթե ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հավատա, որ ՊՆ փոխգնդապետ, ՀՀ ՊՆ մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ Վարդան Սամվելյանը հուլիսի 1-ի երեկոյան անկեղծ մղումով է ցանկացել պայթեցնել «Հարսանքարը», ապա դա կհամարի իրականության դեմ ընդվզում:


«Այն իրականության, որ եթե յուրաքանչյուրս, օրինակ՝ Խառատյան Հրանուշը, ձախ ոտքով իջնի և ոչ թե աջով և դա դուր չգա Ռուբեն Հայրապետյանին, ապա նրան կարող են ծեծելով սպանել»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց Խառատյանը, ով «Հարսնաքարի» ծեծկռտուքի հետևանքով սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորության կազմակերպման հանրային անդամներից է:


Հիշեցնենք, որ հուլիսի 1–ին, գիշերը ժամը 2.15–ի սահմաններում ճամպրուկով հանդերձ մտնելով «Հարսնաքար» ռեստորանային համալիր, ՊՆ բարձրաստիճան զինվորականը սպառնացել էր, որ այն պայթեցնելու է և մոտ երեք ժամ Ոստիկանության օպերատիվ–քննչական խմբի բանակցություններից հետո էր միայն հաջողվել վնասազերծել Վարդան Սամվելյանին և տեղափոխել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։


Հրանուշ Խառատյանը սա չի համարում Լինչի դատաստան տեսնելու փորձ, որովհետև «Լինչը» ինքնադատաստան է ամբոխին դուր չեկող մարդու դեմ, մինչդեռ այս դեպքը Հրանուշ Խառատյանը համարում է, որ հոգու ճիչ. «Որ, մարդի՜կ, ուշքի՜ եկեք, օրենքը այս երկրում պիտի գործի՞ , մեղավորները պիտի պատժվե՞ն»,- հարցրեց տիկին Խառատյանը:


«Սարդարապատ» նախաձեռնության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանն այս պահին դժվարանում է պատասխանել, թե ինչը ստիպեց զինվորականին գնալ այդ քայլին: «Ե՛վ կարող է մեկը լինի և թե՛ մյուսը լինի, որ աֆեկտի տակ կատարած լինի, կարող է արհեստական լինի»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը:


«Սարդարապատ» նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ Tert.am-ի հետ զրույցում, ասելով, որ ինքը չէ, որ պետք է խոսի ՊՆ սպայի մղումների մասին, նկատեց. «Շատ սխալ կլինի, եթե մենք՝ որպես հասարակություն, ամբողջ խնդիրը տեսնենք «Հարսնաքարում», որովհետև դա կնշանակեր, որ մենք չենք գտնում իրական խնդիրը և կեղծ թիրախների հետևից ենք ընկնում»,– ասաց նա։


Տիգրան Խզմալյանը հավելեց, թե «Հարսնաքարը» պայթեցնել պետք չէ, այլ այն պետք է վերադարձվի հանրությանը, «ինչպես այն ամենն ինչ, որ կառուցվել է գողացված փողերով»:


Տիգրան Խզմալյանը իր այս «տեսությունն» առաջ քաշելով՝ շատ լավ տարբերակ է համարում, որ օրինակ՝ «Հարսնաքարը » դառնար երիտասարդական պալատ: «Ինչպես և բորդելները և սաունաներն էլ պետք է վերադառնան հասարակությանը՝ երիտասարդներին, երեխաներին, ծերերին»– հավելեց Տիգրան Խզմալյանը:


«Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ իր ֆեյսբուքյան էջում է այս մասին գրել.«Իրական վրեժխնդրությո՞ւն: «Հարսնաքարի»՝ նրա սեփականատիրոջ անվտանգության երաշխիքները ամրապնդելու առիթ, առավել ևս այս օրերի հանրային ցասումից ու սպանդանոցի դեմ ցույցից հետո, հանրության ներսում պարպված ըմբոստությունը լիցքաթափելու ու փոքր-ինչ մխիթարվածության զգացում հաղորդելու ձև՞, թե.... Տարօրինակ պատմություն է իմ համար...»


Գյումրու «Ասպարեզ» ակումբի հիմնադիր Լևոն Բարսեղյանն էլ սպայի քայլը գնահատում է «էմոցիաներից մղված քայլ», որովհետև ինչպես ինքն է գտնում ՝ «էդ աստիճանի սպան, եթե ուզենար, կպայթեցներ , ու ոչ ոք չէր իմանա»: Այնպես որ, Լևոն Բարսեղյանը փոխգնդապետ Վարդան Սամվելյանի քայլը գնահատում է որպես աֆեկտի պահին, բորբոքված, զայրացած մարդու արարք՝ անկախ նրանից՝ բարձրաստիճան սպա՞, անօթևան կամ պաշտոնյա: