50 պատգամավոր լքել է Ճապոնիայի իշխող կուսակցությունը

15:58 • 02.07.12

Ճապոնիայի իշխող Դեմոկրատական կուսակցությունը լքել է 50 պատգամավոր` 38- ը ստորին, 12-ը` վերին պալատներից, հայտնում է Agence France-Presse-ը:


Չնայած այս հանգամանքին, վարչապետ Եսիհիկո Նոդայի կուսակցությունը մեծամասնություն է կազմում խորհրդարանի ստորին պալատում` 480-ից 251 տեղ: Իսկ վերին պալատում 242 տեղից իշխող կուսակցությանը մնացել է 92-ը:

Սկզբում կուսակցությունը լքել ցանկացողների թիվը 52 էր, սակայն նրանցից երկուսը վերջին պահին փոշմանել են:
Հեռացածները դեմ են սպառողական հարկերի բարձրացմանը, որի մասին օրինագիծը քննարկվում է խորհրդարանում: Օրինագիծն արժանացել է ստորին պալատի հավանությանը, այժմ այն պետք է քվեարկության դրվի նաև վերին պալատում:

 

Կուսակցությունը լքած պատգամավորներն իրենց հետագա գործողությունների մասին կհայտարարեն ավելի ուշ: Ենթադրվում է, որ նրանցից Իտիրո Օձավան մոտ ապագայում կստեղծի նոր կուսակցություն:

 

2011թ.-ի մարտին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով ճապոնական տնտեսությունը լրջորեն տուժել էր, և ճգնաժամի դեմ պայքարի շրջանակում ճապոնական կառավարությունն առաջարկում է բարձրացնել հարկերը: