Իջևանի «Մարմար» ռեստորանում սպանություն իրականացրած երիտասարդը կալանավորվեց. Նոր մանրամասներ (լուսանկարներ)
Երկու օր առաջ՝ հունիսի 30-ին, Նուբարաշեն ՔԿՀ է տեղափոխվել Իջևան քաղաքի բնակիչ, հունիսի 28-ին Իջևանի «Մարմար» ռեստորանում 30-ամյա Խորեն Հովհաննիսյանին սպանած 31-ամյա Հունան Թամամյանը:
Ինչպես Тert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի բաժանմունքի քննիչը միջնորդել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Հ. Թամամյանը դատարանի որոշմամբ վերցվի երկամսյա կալանքի։ Դատավոր Սամվել Մարդանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշել է բավարարել քննչական մարմնի միջնորդությունը։
Ինչպես ավելի վաղ Tert.am–ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 28-ին, ժամը 23.40-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնից հայտնել էին Ոստիկանության Իջևանի բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ էին տեղափոխել մի երիտասարդի:
Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խմբերը պարզել էին, որ մահացածը 30-ամյա Խորեն Հովհաննիսյանն էր:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում Տավուշի մարզի ոստիկանները պարզել էին, որ Խ. Հովհաննիսյանը հիվանդանոց է տեղափոխվել Իջևանում գտնվող «Մարմար» ռեստորանային համալիրից:
Ոստիկանները պարզել էին նաև, որ այդ օրը նշված ռեստորանային համալիրում նրա և Հունան Թամամյանի և ևս չորս անձանց միջև տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Հ. Թամամյանը դանակով հարվածել է Խ. Հովհաննիսյանի կրծքավանդակի ձախ մասին, որը պատճառ է դարձել մահվան: Միջադեպի մասնակից բոլոր անձինք էլ եղել էին Իջևանի բնակիչներ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով, Հ. Թամամյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել էր:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ իրեն հայտնի է դարձել, որ Խ. Հովհաննիսյանը աշխատում էր Իջևանի «Քարարտ» քարամշակման գործարանում՝ որպես արտադրամասի պետ, իսկ Հ. Թամամյանը ատամնաբույժ է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
..









