Եկեղեցու բակում պահակին ծեծի ենթարկած ոստիկանները կալանավորվեցին
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ոստիկանության մայոր Արա Կիրակոսյանի և ոստիկանության սերժանտ Արմեն Ալեքսանյանի նկատմամբ դատարանը կիրառի երկամսյա կալանք:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավորՄխիթար Պապոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշել է բավարարել քննչական մարմնի միջնորդությունը, ինչից հետո նրանց տեղափոխել են Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ («միլիցեքի բանտ»):
Ինչպես Tert.am-ին ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, ՀՀ Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով ոստիկանին ոչ հարիր պահվածքի համար ոստիկանական համակարգից հեռացվել էին Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներ, ոստիկանության մայոր Արա Կիրակոսյանը, ոստիկանության մայոր Դերենիկ Բալեյանը և ոստիկանության սերժանտ Արմեն Ալեքսանյանը:
Հունիսի 27-ին այս երեք ոստիկանները Նորք Մարաշի Սուրբ Աստվածամայր եկեղեցու բակում ծեծի էին ենթարկել նշված եկեղեցում որպես պահակ աշխատող 63-ամյա Հարություն Ավետիսյանին:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ երեք ոստիկանները բժշկական փորձաքննության էին ենթարկվել և պարզվել էր, որ եղել են ոչ սթափ վիճակում:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Հ. Ավետիսյանին տրվել էր դատաբժշկի ուղեգիր: Հարուցված քրեական գործի շրջանակներում ավելի ուշ Արա Կիրակոսյանն ու Արմեն Ալեքսանյանը ձերբակալվել էին, իսկ Դերենիկ Բալեյանը ստորագրությամբ ազատ էր արձակվել, քանի որ ըստ Շամշյանի տեղեկությունների, վերջինս փորձել էր հանդարտեցնել ոչ սթափ ոստիկաններին:
Եկեղեցում մոտ հավաքվածները Գ. Շամշյանին պատմել էին նաև, թե. «Ճիշտ է ասել ՀՀ Ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը, որ նման մարդիկ իրավունք չունեն մեր զավակների ոստիկանը կոչվել»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









