Կպայքարեն, մինչև «Նեմեց Ռուբոն և նրա նմանները բարոյական և ֆինանսական սննկացման հասցվեն» (լուսանկարներ, տեսանյութ)

19:38 • 02.07.12

ՀՀ Գլխավոր Դատախազության շենքի առաջ քիչ առաջ ավարտվեց Զեյթուն վարչական համայնքից մեկնարկած երթը, որը սկսվել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորության արարողությունից հետո:


Երթի մասնակիցները բարձրախոսներով անցորդներին հորդորում էին անտարբեր չմնալ և պայքարել այս օլիգարխիկ համակարգի դեմ, որոնք հովանավորվում են իշխանությունների կողմից:


«Ժառանգություն» կուսակցության, ՀԱԿ ակտիվիստների, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և այլ քաղաքացիներ՝ շուրջ 200 հոգի, միասնաբար քայլերթով անցան Դավիթ Անհաղթ-Կոմիտաս-Բաղրամյան-Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակով՝ վանկարկելով՝ «Նե-մեց, մար-դա-սպան», «Ես Վահե Ավետյան եմ»:


Ակտիվիստներն ամբողջ ճանապարհին պարբերաբար տեղեկացնում էին, որ «Հունիսի 17-ին Հարսնաքար ռեստորանային համալիրում ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների դաժանաբար ծեծից մահացել է ՊՆ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը»:


Դատախազության մոտ «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը նշեց, որ սրանով իրենց անելիքները չեն վերջանում:


«Սա դեռ սկիզբն է: Այսօր բոլորով պայմանավորվենք, որ ակցիաները շարունակվելու են ճիշտ այնքան, մինչև Նեմեց Ռուբոն և նրա նմանները բարոյական և ֆինանսական սննկացման չհասցվեն Հայաստանում և նրանք հասկանան, որ այս երկիրը իրենցը չի, այլ ազատ քաղաքացիների երկիրն է»,- ասաց նա:


ՀԱԿ ակտիվիսներից Սարգիս Գևորգյանը նշեց, որ գալու նպատակն է նախազգուշացնել, որ եթե այս կառույցը նույնպես «անուղղակի կամ ուղղակի կերպով հովանավորի Հարսնաքարում Ռուբեն Հայրապետյանի կողմից Վահե Ավետյանի սպանությանը, ապա նա նույնպես ենթարկվելու է այս քաղաքացիների ամենախիստ ընդվզմանը և քաղաքացիական ագրեսիային»:


Ի տարբերություն նրա, Վարդգես Գասպարին այլ տեսակետ ուներ: Իր ելույթում նա նշեց, որ Հայաստանի հանրապետությունում ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանության հետ միասին հանդիսանում է հանցաշխարհի շարունակությունը:


«Իմ անունից ասեմ, որ ակնկալիք չունեմ, որ ոստիկանությունը և դատախազությունը այս գործում մեղավորներին կբացահայտեն և դրա վկան՝ շատ-շատ դեպքերը, թերևս վերջինները՝ Վահան Խալաֆյանի, Լևոն Ղուլյանի, Մարտի 1-ի սպանությունները: Ես իմ անունից հայտնում եմ, որ եթե իմ ճակատով, ու իմ գանգով չպայքարեմ օլիգարխների բռունցքների դեմ, ապա այս վախկոտ, անողնաշար ոստիկանությունը և դատախազությունը համարձակություն չի ունենա հարյուր քայլ ետևից ինչ-որ բան ձեռնարկել, սկսած Աղվան Հովսեփյանից և Վլադիմիր Գասպարյանից: Եթե նրանք իրենց տեղում լինեին, ոչ ոք չէր համարձակվի նման քայլեր կատարել»,- ասաց նա և կոչ արեց «հաստավիզ օլիգարխների թիկնապահների բռունցքների դեմ պայքարել միայն գանգերով», քանի որ ըստ նրա, միայն դա կարող է վիճակ փոխել:


«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ այսօր Դատախազության օրն է և այս ձևով են շնորհավորում դատախազությանը: Նա հայտարարեց, որ հունիսի 4-ին, ժամը 10-ին ԱԺ-ի դիմաց ցույց է լինելու, որի ժամանակ պահանջելու են, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը վայր դնի մանդատը:
Նա նշեց, որ այդ օրը պատգամավորները լինելու են ԱԺ-ում, որտեղ և լինելու է ԵՄ հանձնաժողովի խորհրդի նախագահը, ով ելույթ է ունենալու: «Մենք էլ մեր ելույթը կունենաք, ԱԺ-ի դիմաց»,-ասաց նա: