Պետք է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտրվի նման գազանաբարո դեպքերի կրկնությունը. Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ԱԺ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, կարծում է, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի չկրկնվեն «Հարսնաքարի» ծեծկռտուքի պես գազանաբարո դեպքերը, որի արդյունքում սպանվեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։
Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին այս մասին ասաց Զեյթունի շուկայի մոտից շուրջ 50 այլ անձանց հետ երթով Վահե Ավետյանի տուն գնալիս, որտեղ պետք է մասնակցեն վերջինիս հուղարկավորությանը:
«Մենք բոլորս պետք է միասին լինենք և չնայենք իշխանություն է, ընդիմություն է, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ: Սա այնպիսի աղաղակող դեպք է, որ բոլորս պետք է մեր բողոքի ձայնը բարձրացնենք այս հարցի առնչությամբ»,- ասաց նա:
Երթի մասնակիցների մեջ են ՀՅԴ, «Ժառանգություն» կուսակցության, ԲՀԿ-ի ու «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի մի շարք ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և պատգամավորներ:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ ծայրահեղ ծանր վիճակում մնալուց հետո հունիսի 29-ին մահացել էր հիվանդանոցում։
Հարցին, թե Ռուբեն Հայրապետյանի մեղավորությունը որքանով է առկա, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Ես չէի ցանկանա որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, որովհետև ես չեմ կարծում, որ նման հրահանգ եղել է: Ինձ այլ հարց է մտահոգում, թե ինչպես կարող է հայ մարդը դառնալ այդպիսի գազան ու կենդանի, որ մարդու կյանք խլի ոչ մի բանի համար»:
Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ քննարկել այն հարցը, թե եթե ԱԺ-ում քվեարկության դրվի Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու հարցը, ինքը կողմ, թե դեմ կքվեարկի: Միայն նշեց, թե համոզված է, որ հարցը կլուծվի օրենքի շրջանակում:
Հուղարկավորության ավարտից հետո երթի մասնակիցները ակցիա կանցկացնեն ՀՀ դատախազության շենքի առջև:
Հուղարկավորությանը ներկա է նաև ՊՆ պատվոպահակային վաշտը։









