ՆԱՏՕ-ն Սիրիա չի ներխուժի, բայց թուրքական զորքի կուտակումը Սիրիայի սահմանին օրինաչափ է
ՆԱՏՕ-ի բոլոր միջազգային գործընկերները պետք է առավելագույն ճնշում գործադրեն Դամասկոսի վրա, ժնևյան հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման նպատակով: Այս մասին այսօր հայտարարել է հյուսիսատլանտյան դաշինքի գյխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը իր ամենամսյա մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:
«Մենք ողջունում ենք Ժնևի հանդիպումը: Այնտեղ քաղաքական նախագիծ է նշմարվել, այժմ անհրաժեշտ է հասնել դրա իրագործմանը: Միջազգային հանրության ամեն անդամ, ով ազդեցություն ունի Դամասկոսի վրա, պետք է ջանք չխնայի, որ այդ նախագիծը կյանքի կոչվի: Միջազգային հանրության պարտքն է` դադարեցնել Սիրիայի ճգնաժամը, և դա պետք է անել հիմա», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, Ռասմուսենը կրկին նշել է, որ «ՆԱՏՕ-ն մտադիր չէ Սիրիայում ռազմական ինտերվենցիա իրականացնել»:
Դաշինքը նաև օգտակար չի համարում քաղաքական կարգավորման հասնելու վերջնաժամկետների սահմանումը, չնայած կարծում է, որ արյունահեղությունը պետք է դադարեցվի հնարավորինս արագ:
«ՆԱՏՕ-ն խստիվ դատապարտում է սիրիական հակամարտության տարածումը և թուրքական ինքնաթիռի ոչնչացման հետ կապված ամոթալի միջադեպը», - նշել է Ռասմուսենը:
Նրա խոսքով` ՆԱՏՕ-ն Թուրքիայից` իր ռազմական հնարավորությունները Սիրիայում կիրառելու հայտ չի ստացել:
Մեկնաբանելով Սիրիայի սահմանին թուրքական ռազմական խմբավորման ավելացման հետ կապված լուրերը, նա հայտարարել է, որ «ողջունում է Թուրքիայի զսպվածությունը` իր կործանիչի հետ կապված ողբերգական միջադեպից հետո», և համարում օրինաչափ, որ Անկարան իր բնակչության պաշտպանության համար միջոցառումներ է ձեռնարկում:
«ՆԱՏՕ-ի խորհուրդը Թուրքիային լիակատար աջակցություն է հայտնել: Ցանկացած հանգամանքներում, առանց նախազգուշացման ինքնաթիռի ոչնչացումը անթույլատրելի է», - ասել է Ռասմուսենը:
Միևնույն ժամանակ նա հրաժարվել է պատասխանել այն հարցերին, որոնք կապված են կործանիչի ոչնչացման հանգամանքների հետ, մասնավորապես, թե ում օդային սահմաններում է այն ոչնչացվել:









