Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նորանշանակ վարչապետին

16:40 • 02.07.12

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վանո Մերաբիշվիլիին` Վրաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։


Ըստ Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, ուղերձում ասված է հետևյալը.


«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության մեջ:


Հայ և վրաց ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Վստահ եմ, որ երկուստեք ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և նոր լիցք հաղորդել երկկողմ համագործակցությանը և նորանոր ուղիներ գտնել երկու երկրների միջև տնտեսական կապերի կատարելագործման համար»: