Ավստրիացի ոստիկանները փնտրում են Շտրաուսի և Բրամսի ատամները գողացողին

11:19 • 02.07.12

Ավստրիայի իրավապահ մարմինները հետախուզում են սկսել երգահաններ Յոհան Շտրաուսի և Յոհանես Բրամսի ատամները գողացած անձի նկատմամբ, գրում է Daily Mail-ը:

 

Ոստիկանությանն արտասովոր գողության մասին հայտնի է դարձել, երբ գողն իր մեղքն ապացուցող տեսագրությունը տեղադրել է համացանցում, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է մի մարդ փորում Վիեննայի կենտրոնական գերզմանատանը գտնվող շիրիմները` այնտեղից հանելով նրանց գանգերը: Այնուհետև հանցագործը հատուկ աքցանների միջոցով հանում է նրանց ատամները և փախուստի դիմում:

 

Տեսագրության իսկությունը ստուգելու համար թե Շտրաուսի, թե Բրամսի շիրիմները բացվել են, և պարզվել է, որ երկուսի ատամներն էլ իսկապես բացակայում են:

 

Ըստ նախնական վարկածի անհայտ անձի նպատակը` ատամները որևէ թանգարանում տեղադրելն է: Հայտնաբերվելու դեպքում նրան մի քանի տարվա ազատազրկում է սպառնում` գողության և «մահացածների անդորրը խանգարելու համար»: