Էդվարդ Նալբանդյանն ԱՄՆ դեսպանատանը մասնակցել է երկրի անկախությանը նվիրված տոնակատարությանը

22:11 • 02.07.12

Հուլիսի 2-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայաստանյան հյուրերի հետ միասին նշել է Միացյալ Նահանգների պետականության և Անկախության հռչակագրի ընդունման 236-րդ տարեդարձը: Դեսպան Ջոն Հեֆերնն ու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ջերմորեն ողջունել են հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը:

 

Հանդիսավոր միջոցառումը մեկնարկել է «Սպեղանի» երգչախմբի կողմից երկու երկրների օրհներգների կատարմամբ, իսկ միջոցառման ողջ ընթացքում հնչել էր ամերիկյան ջազ և բլյուզ` ամերիկյան զինվորական «Քուլ ջազ ֆյուժեն» նվագախմբի կատարմամբ:

 

Ջոն Հեֆերնն իր խոսքում նշել է, որ այս տարի լրացել է Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանը, ապա հավելել. «Գործընկերության խորացում, ընդհանուր արժեքների խթանում. սա մեր առաքելությունը, սրան են ուղղված մեր բոլոր ջանքերը Հայաստանում»:

 

Անկախության տոնը նվիրված է Միացյալ Նահանգների պետականության հռչակմանն ու Անկախության հռչակագրի ընդունմանը, որ տեղի ունեցավ 1776թ. հուլիսի 4-ին: