Վահե Ավետյանի հուղարկավորման արարողությունից հետո թափորի մասնակիցների մի մասը երթով շարժվեց Գլխավոր դատախազություն (ֆոտո, վիդեո)

16:30 • 02.07.12

33-ամյա ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորությունը, չնայած Պաշտպանության նախարարության առաջարկին` կազմակերպելու «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, տեղի ունեցավ Զեյթունի քաղաքացիական գերեզմանոցում:


Բազմահազարանոց սգո թափորի մասնակիցները ոչ միայն Վահե Ավետյանին ճանաչողներն էին, այլ նաև մտավորականներ, քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ և ՀՀ քաղաքացիներ:


Ներկաների թվում էին դերասան Սոս Սարգսյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, «Ժառանգության»ու ՀԱԿ պատգամավորներ,«Դաշնակցություն» կուսակցության անդամներ,  բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում էր նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:


Հուղարկավորության արարողությունից հետո, մահվան թափորի մասնակիցները լուռ երթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Նրանց երթուղին անցնում է Դավիթ Անհաղթ-Կոմիտաս-Բաղրամյան-Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակ ուղղությամբ:


Նշենք, որ այսօր և վաղը լռության օրեր են հայտարարված, իսկ մյուս օրը տեղի կունենա բողոքի ակցիա՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց:

 

Լուսանկարները՝ Tert.am-ի և Panarmenian Photo-ի