Երևան-Երասխավան ավտոճանապարհին ՊՆ երկու սպա վթարի է ենթարկվել՝ փորձելով շրջանցել ճանապարհը հատող կովին (լուսանկարներ, տեսանյութ)

10:29 • 02.07.12

Այսօր՝ հուլիսի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08.00-ի սահմաններում ՀՀ ՊՆ աշխատակից 26-ամյա լեյտենանտ Արտյոմ Մելքոնյանը, վարելով «ՎԱԶ 21010» մակնիշի 14 ՕՕ 561 համարանիշի մեքենան, Երևան-Երասխավան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին՝ «Արագիլ» ռեստորանային համալիրի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մ կողաշրջվելով հայտնվել է դաշտում:

Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր 29-ամյա կապիտան Արսեն Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանը հայտնում է որ, քանի որ պարզվել է, որ վթարի ենթարկվածները ՊՆ աշխատակիցներ են վթարի վայր են ժամանել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության աշխատակիցները:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ՀՀ ՊՆ 8-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Էմին Հակոբյանը:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է արագությունը և այդ պահին նրանց առջևով անցնող կովը, որին էլ փորձելով շրջանցել՝ նրանք վթարի են ենթարկվել:

Ավագ քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ՌՈ Արարատի հատուկ պահպանման տարածք:


 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի