Արմեն Աշոտյանը տպավորություն ունի, որ ոմանք ավելի շատ ցանկանում էին, որ Վահե Ավետյանը չապաքինվեր

10:45 • 03.07.12

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իր մոտ տպավորություն է ստեղծվում, թե ոմանք ավելի շատ ցանկանում էին, որպեսզի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվելու պատճառով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանը չապրեր, որպեսզի աղմուկ բարձրացնեն։


Արմեն Աշոտյանը խնդրում է չքաղաքականացնել Վահե Ավետյանի մահը, սակայն միևնույն ժամանակ համաձայն է այն տեսակետներին , որ նման դեպք Հայաստանում կարող է տեղի ունենալ ցանկացածի հետ:


«Շատ եմ ցավում, որ չկարողացանք փրկել Վահե կյանքը, դեպքը ողբերգական է, որը նստվածք է թողել բոլորիս մոտ»,– ասաց նա:


«Միևնույն ժամանակ այն քաղաքականացնել պետք չէ, ես համաձայն եմ այդ տեսակետի հետ, որ դա կարող է տեղի ունենալ բոլորիս հետ և ինքս վատ եմ զգում և՛ սպայի, և՛ բժշկի, և՛ քաղաքացու համար: Վստահ եմ, որ իրավապահ մարմինները ողջ խստությամբ կվարվեն մեղավորների հետ՝ համապատասխան քննությունն անցկացնելուց հետո»,- Tert.am-ի հարցին ի պատասխան նշեց նախարարը:


«Հարսնաքարը» բոյկոտելու կամ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու պահանջները նախարարի մոտ տպավորություն են ստեղծել, որ որոշ կարեկցողներ անհամբեր սպասում էին , որ Վահե Ավետյանը մահանար, որպեսզի աղմուկ բարձրացնեին։


«Գուցե շատ ցինիկ բան եմ ասում, բայց ես այդ մարդուն չեմ ճանաչել և առաջին պահից, երբ իմացանք դեպքի մասին մինչև որ Վահեն մահացել է, իրականում մեջս նյարդերի գունդ կար, անհանգստություն ու ցավ այս ամեն ինչի համար, բայց իմ մոտ ստեղծվում է տպավորություն, որ որոշ մարդիկ ավելի շատ ցանկանում էին, որ այս ողբերգական միջադեպը ավարտվի մահվան ելքով, քան ապաքինումով»,- ասաց նա։


ԿԳ նախարարը նաև համոզմունք հայտնեց, որ իր այս խոսքերի համար կքննադատվի. «Ես գիտեմ, որ քննադատվելու եմ այս խոսքերի համար, բայց ես սովոր եմ ձեր աչքերի մեջ նայելով՝ ճիշտն ասել»: